Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ողջունելով մարզիկներին, նշեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերին, մարզական միջոցառումների կազմակերպմանը, և այսուհետև նույնպես ամեն ինչ արվելու է, որպեսզի ուսանող-մարզիկները կարողանան միջազգային ստուգատեսներում լավագույն արդյունքներ գրանցել։
Պարգևատրման արարողությանը ներկա էր Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը։ Նշենք, որ վաղը Երևանում կմեկնարկի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը, և Ադամ Ռոշեկն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ այդ միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու համար։ Նա, շնորհավորելով մարզիկներին, ընդգծեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի սերտ համագործակցությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի դերն ուսանողական սպորտի զարգացման գործում, ինչի արդյունքն այն մեդալներն են, որ մեր մարզիկները նվաճում են ուսանողական տարբեր առաջնություններում։ Կ. Ավագյանը հավաստիացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսուհետև նույնպես պատրաստ է այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կհեշտացնեն մեր մարզիկների մասնակցությունը միջազգային ստուգատեսներում և կավելացնեն մեդալների քանակը։
Պարգևատրվածների թվում էր Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Նա նշեց, որ հաճելի է, երբ գնահատվում է մարզիկի աշխատանքը, դա ոգևորում է ու մղում ավելի մեծ ձեռքբերումների։ Արթուր Ալեքսանյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է Ծաղկաձորում կայանալիք հավաքներին, այնուհետև՝ 2014 թվականին անցկացվելիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն