Այսօր ոստիկանները փորձել են տեղահանել Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ, մայթերին առևտուր անողներին` նշելով, որ փողոցային առևտուրն ըստ օրենքի արգելված է և նրանք խանգարում են հասարակական կարգն ու փչացնում քաղաքի տեսքը: Ոստիկանները նաև նշել են, որ ոստիկանությանը առևտրականներին մայթերից տեղահանելու պահանջ է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Սակայն առևտրականները Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ գալով Գյումրու քաղաքապետարան ու հանդիպում պահանջելով Սամվել Բալասանյանի հետ պարզել են, որ քաղաքապետը այդ ամենից բացարձակ անտեղյակ է: «Մարդիկ բացօթյա թոզին, անձրևին 20 տարի է` աշխատում են, հիմա եկել ենք Գյումրու քաղաքապետարան, որ ասենք` չի կարելի այդպես , տվեք մեզ տարածք, նորմալ աշխատենք, ձեր մայթերը ձեզ լինի »-, ասաց առևտրականներից մեկը: Նրանք նաև ասացին, որ ով ինչ պատահի վաճառում է` ժանգոտ երկաթ, վառարաններ, կոշիկներ, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում լուծել իրենց գոյատևելու հարցը, քանի որ գազը, լույսը օր օրի թանկանում են: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրանց ընդունելով խորհուրդ է տվել ոստիկանների հետ լեզու գտնել մինչև ավագանու նիստի քննարկմանը դրվի այս հարցը ու խորհրդանշական գումարի դիմաց մարդկանց այլ տարածք տրամադրեն աշխատելու: «Մարդ կա օրական 100 դրամ անգամ չի աշխատում, ի՞նչ անես, ժողովուրդ չկա, մատների վրա պետք է հաշվել գյումրեցիներին: Սաղ տարին փող չենք աշխատում, հենց էս պահին, երբ մարդիկ խոպանից գալիս են ու առևտրի մեջ փոքր-ինչ տեղաշարժ կա, ոստիկանները պարտադիր հենց այդ պահին գլխիդ կանգնում են: Թող գան հունվարին մեզ անհանգստացնեն, ինչո՞ւ ամեն տարվա հոկտեմբեր-նոյեմբերին են նույնն անում: Չես հասկանում` ի՞նչ են ուզում մեզանից , ի՞նչ անենք, մենք էլ գնանք, մեզանից կպրծնե՞ն», -հարցնում էին քաղաքապետարան բողոքի եկած առևտրականները: Նրանց բողոքը` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վայ, վայ, հեռու Բալասանյանի փեշերից, յանի ինքը անմեղ է , իրա անուն էլ շահարկել են, թող ձեր անունը կամ Պետրոս-Կիրակոսի անունը շահարկեն, միայն վերանգիրն եմ կարդացել, նյութը չեմ էլ ուզում նայել, արդեն պարզ է ինչ պտի լինի, զզվում են էդ Բալասանյանից ու իրա ինչ ասեմ…ինչ թիմից, էդ ում անեծքն էր , որ դրանք եկան էս լսի պես քաաղքը ապականելու?