Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան․ «Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում»

Հոկտեմբեր 22,2013 19:30

Հայաստանի իշխանությունները 1994-ին Բուդապեշտում հասան նրան, որ ԵԱՀԿ-ն ճանաչեց Ղարաբաղը հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ, 1997-ին՝ նաեւ պարտադրեցին Ադրբեջանին՝ համաձայնել հակամարտության մի լուծման, որում պահպանվում էր հայկական ուժերի վերահսկողությունը Ղարաբաղի եւ Հայաստանի հետ նրան կապող շրջանների նկատմամբ, վերացվում էր շրջափակումը եւ ամրագրվում էր ինքնորոշման սկզբունքը՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման գործընթացում:

Ներկայիս իշխող քաղաքական ուժը մերժեց խաղաղության ծրագիրը, խոստանալով ավելի նպաստավոր լուծումներ, սակայն ռազմավարական ծանր սխալներ գործեց, տապալելով ձեռք բերվածը:

1.   2001թ-ի քիվեսթյան արկածախնդրության հետեւանքով Ղարաբաղը կորցրեց հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը, նույն ժամանակաշրջանում տապալվեց Ցեղասպանության հարցի բարձրացումով՝  Թուրքիայի վրա ճնշումներ կիրառելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու ծրագիրը, ինչն այդ քաղաքականության հեղինակների կարծիքով՝ պետք է ապահովեր Ղարաբաղի հարցում մանեւրելու հնարավորությունները:

2.   Էլ ավելի անփառունակ ավարտ ունեցավ Ցեղասպանության ուրացման գնով Թուրքիայի սահմանը բացելուն ուղղված՝ Սերժ Սարգսյանի 2008-2010թթ. ֆուտբոլային դիվանագիտությունը, որի միակ հետեւանքն էր՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը:

3.   Վերջերս ձախողվեց նաեւ Եվրասոցացման գործընթացը, ինչի պատճառով խախտվեց Տեր-Պետրոսյանի հիմնադրած աշխարհաքաղաքական հավասարակշռության ռազմավարությունը, որի հիմնական նպատակն էր՝ զերծ պահելու Ղարաբաղի խնդրի լուծումը որեւէ գերտերության թելադրանքից:

4.   Այս ընթացքում վատնված ժամանակը՝ իշխանությունների կոռումպացվածության պատճառով, չօգտագործվեց Հայաստանի զարգացման նպատակով, եւ այսօր ոչ թե հայկական կողմն է խոսում ուժեղի դիքերից, ինչպես 1997 թվականին էր, այլ Ադրբեջանը, որին հաջողվել է նավթային հարստության շնորհիվ շրջել ռազմաքաղաքական բալանսը:

Արդյունքում Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում, կորցրել են խնդրի հայանպաստ կարգավորման որեւէ հեռանկար եւ սկսել են Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակական կարծիքը նախապատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների: Շեշտում եմ, ոչ թե փոխզիջման, այլ միակողմանի զիջումների: Նման ջանքերի ամենավառ ապացույցն է իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու Զորի Բալայանի եւ Հայկ Քոթանջյանի լացակումաց եւ պարտվողական նամակների փառաբանման շքերթը, ինչը կասկած չի թողնում, որ վերջիններս իշխող ռեժիմի ոչ պաշտոնական խոսափողներն են: Ղարաբաղի հարցում սեփական պարտությունը արձանագրելով հանդերձ, իշխանությունները ոչ թե պատրաստվում են հրաժարական տալ եւ թույլ տալ առողջ քաղաքական ուժերին շտկել իրավիճակը, ինչպես կվարվեր պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ, այլ Ղարաբաղը հանձնելու գնով պահպանել սեփական իշխանությունը:

 

Լևոն Զուրաբյան

ՀՀ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031