Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում գործող միջազգային չափանիշներին համապատասխան ցերեկային ժամանցի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաներ: Մանկական կենտրոնը նախատեսված է նաև Դիլիջանի և հարակից բնակավայրերի երեխաների համար:
Դիլիջանում Նախագահը ծանոթացել է ԿԲ աշխատակիցների համար կառուցված բնակելի տարածքներին, որտեղ քոթեջներից բացի նախատեսվում է ունենալ նաև սպորտային միջոցառումների, առևտրի և սպասարկման ենթակառուցվածքներ, բացօթյա և փակ լողավազաններ:
Նախագահը եղել է նաև Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Հանրապետության Նախագահին այստեղ ներկայացրել են կենտրոնի հիմնական նպատակը և ընթացիկ աշխատանքները, նշելով, որ ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտի ստեղծմամբ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր, կվերապատրաստվեն ԿԲ աշխատակիցներ: Կենտրոնում այժմ աշխատում է Երևանից իրենց ընտանիքներով տեղափոխված ԿԲ 58 աշխատակից:
Նշվել է, որ կենտրոնում տարածքներ են հատկացված առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Տարածքում տեղակայված է նաև տարածքային դրամարկղային կենտրոնը, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Կենտրոնում իր նիստերն է գումարում նաև ԿԲ խորհուրդը:
Այստեղ առանձին տարածք է հատկացված Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար: 2013թ. սեպտեմբերից իրականացվում է Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը՝ ձևավորված ԿԲ պահանջներին համապատասխան:
Ըստ պատասխանատուների, «Այբ» դպրոցի հետ համատեղ Դիլիջանում կառուցվում է դպրոցի նոր շենք, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս դպրոցի աշխատանքները կազմակերպվում են կենտրոնում, որտեղ ուսանում է ԿԲ աշխատակիցների և Դիլիջանի բնակիչների 45 երեխա:
Նախագահն այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինանրարական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ 2013թ. հոկտեմբերի դրությամբ դպրոցի շինարարության վրա աշխատել է մոտ 730 մարդ, միջին աշխատավարձը կազմել է 310. 000 ՀՀ դրամ:
2013թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ պատասխանատուների, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել կրթական, սպորտային, դիզայնի և տեխնոլոգիաների կենտրոնի, բուժկետի, տեխնիկական մասնաշենքների և հանրակացարանների կառուցման ուղղությամբ, ավարտվում են ջրամատակարարման, կոյուղու, ջերմային ցանցի, գազամատակարարման և մալուխային ցանցերի կառուցման աշխատանքները: Ընդգծվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին՝ առաջին ուսումնական տարում ընդունելով 90 աշակերտի, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից:
Հանրապետության Նախագահին այստեղ ներկայացրել են նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ըստ որոնց հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:
ՀՀ նախագահի աշխատակազմ