Սյունիքի մարզում հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է ոչ թե -10 ջերմաստիճան, այլ՝ -1: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը եւ հերքեց հրապարակված այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 25-ի գիշերը ցրտահարություն է սպասվում եւ ջերմաստիճանը մարզում կնվազի մինչեւ -10 աստիճան:
«Հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է -1 աստիճան, չգիտեմ որտեղից են գրել, որ կնվազի մինչեւ -10: Մենք չենք ասել ցրտահարություն, ասել ենք հյուսիս-արեւելքից ներս թափանցած սառը հոսանքի պատճառով այդ գիշերը սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչեւ -1 աստիճան Մեղրու տարածաշրջանում: Դա այդքան էլ սարսափելի վտանգ չի ներկայացնում իրենից, պարզապես կարող է կարալյոկին վնաս տա: Ուղղակի զգուշացման կարգով ասել ենք, որ ով հուսը դրել է տաք եղանակի վրա եւ բերքը չի հավաքել՝ այդ գիշերը զգուշանա, այդքան բան, այնպես որ սարսափելի բան չի լինելու», – ասաց ծառայության պետը եւ նշեց, որ խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա: Ջերմաստիճանի նվազումը մինչեւ -1 աստիճանի՝ աննախադեպ երեւույթ չի համարում Ժորա Գեւորգյանը: Աննախադեպ երեւույթ մարզում գրանցվել էր 1987թ.-ին, երբ հոկտեմբերի 18-ին Կապանում առատ ձյուն էր տեղացել եւ քաղաքում ստիպված են եղել կաթսայատները վառել:
Իսկ հոկտեմբերի 26-ին եւ 27-ին Սյունիքի մարզում նորից ջերմաստիճանի բարձրացում է սպասվում՝ 4-5 աստիճանով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ