Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Հոկտեմբեր 22,2013 17:23

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:

Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված ներդրումներին և դրա արդյունքում ընդլայնված արտադրական հնարավորություններին, ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացրել են, որ «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արտադրությունը զարգացնելու նպատակով ձեռք է բերել իտալական արտադրության հոսքագիծ՝ 3 հազ. շիշ/ժամ արտադրական հզորությամբ, տեղադրել է սառնարանային ժամանակակից տնտեսություն, արդիականացման ուղղությամբ իրականացրել մի շարք այլ աշխատանքներ: Ծրագրով իրականացվող ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմում է շուրջ 19 մլն եվրո: Ներկայումս ընկերությունն արտադրում է 3, 5, 7 և 15 տարեկան կոնյակներ: Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եվրոպական երկրներ, վերջին շրջանում՝ նաև Ղազախստան: Ընկերությունում աշխատում է 80 մարդ՝ մոտ 180.0 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով:
«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նշվել է, որ նախատեսվում է կառուցել 8-10 հազ. տոննա մթերման հզորությամբ խաղողի ընդունման, վերամշակման և համապատասխան հզորությամբ թորման արտադրամասեր, ինչպես նաև ավելացնել սպիրտների հնեցման համար նախատեսվող պահման տնտեսության հզորությունը՝ այն հասցնելով 5 մլն լիտրի: Գինիների արտադրությանը զարկ տալու նպատակով նախատեսվում է կառուցել համապատասխան սարքավորումներով պահման արտադրամաս 1500 տոննա խաղողի համար, ինչպես նաև տեղադրել գինու շշալցման հոսքագիծ: Վերոնշյալ բոլոր սարքավորումները նախատեսվում է ներկրել Իտալիայից: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, զարգացման ծրագրերի արդյունքում, որի համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլարի ներդրում, կստեղծվի լրացուցիչ շուրջ 30 նոր աշխատատեղ:
Կոտայքի մարզում Նախագահն այնուհետ այցելել է Ակունք համայնքում գտնվող «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությանը պատկանող ելակի, ազնվամորու և մոշի տնտեսություն, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ ընկերությունն Ակունքում 2012թ. վարձակալված 10 հա հողատարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպում է վերոնշյալ հատապտուղների ընտրված սորտերի արտադրություն, որոնք հաջողությամբ աճում են Հայաստանի պայմաններում և ապահովում բարձրորակ բերք: Էկոլոգիապես մա-քուր բերք ստանալու համար արտադրությունում օգտագործվում են հիմնականում Եվրոպայից ներկրված բնական պարարտանյութեր, իսկ վնասատուների դեմ՝ միայն կենսաբանական միջոցներ, որոնք ավելի թանկ են, քան քիմիականը:
2013թ. ներմուծվել և հողապարկերի մեջ տեղադրվել են 16 հազ. ազնվամորու, 4 հազ. մոշի տնկիներ, ինչպես նաև 350 հազ. հատ ելակի սածիլներ, որոնց մի մասն աճեցվում է որոշակի բարձրության դարակների վրա: Ներկայումս աշխատանքներ են տարվում 2013թ. վարձակալված 6 հա հողատարածքի վրա կազմակերպելու բարձր բերքատվությամբ սորտի կեռասի այգի, որի արտադրանքը նույնպես արտահանվելու է, ինչպես նաև՝ տնկիների և սածիլների սեփական արտադրություն: Փորձնական նպատակով կառուցվում է զովացնող համակարգերով ջերմատուն, ինչը հնարավորություն կտա տարածքն օգտագործելու նաև ամռանը: Ծրագրով իրականացվող ներդրումները կազմում են շուրջ 3.5 մլն դոլար: Ընկերությունում աշխատում է 73 մարդ՝ 100-125 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Աշխատակիցները հիմնականում Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներ են:
Նախագահ Սերժ Սարգսյանը Չարենցավանում ներկա է գտնվել նաև «Ասկե գրուպ» ընկերության մետաղական ամրանների արտադրության գործարանի բացման արարողությանը: Այստեղ Նախագահը ծանոթացել է վերազինված արտադրամասի հնարավորություններին, իրականացված ներդրումներին: Նշվել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ, 3 տարի ժամկետով հետաձգելով ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը, ընկերությունն իրականացրել է պողպատի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ, ամրանների արտադրության համար կազմակերպել նոր արտադրամաս: Ըստ ընկերության ներկայացուցիչների, 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործարանում աշխատել է 76 մարդ՝ 71 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Պողպատի ձուլման նախկին գործարանի վերապրոֆիլավորման արդյունքում «Ասկե գրուպե ընկերությունն ավելացրել է աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն 330-ի: Այսօր ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ձուլման արտադրամասի գործարկումից հետո գործարանում կստեղծվի ևս 150 նոր աշխատատեղ:
Գործարանում Նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցի ավարտին Նախագահի ներկայությամբ ստորագրվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին բնակարանային ապահովության սոցիալական ծրագրին «Ասկե գրուպ» ընկերության աջակցության վերաբերյալ փոխըմբռնման երկու հուշագիր՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Ա.Քարամյանի, կապալառու «Էյ-Դի-Էյ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մելքումյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի, կապալառու «Հորիզոն-95» ՍՊԸ ղեկավար Գագիկ Գալստյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև: Հուշագրերով ամրագրվել է, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցներով «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետների համար» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները և ԵՃՇՊՀ աջակցությամբ երիտասարդ դասախոսների, մասնագետների և գիտաշխատողների համար բազմաբնակարան շենքի կառուցման, նույն համալսարանի մասնաշենքերի ուժեղացման և ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Ասկե գրուպ» ընկերության արտադրության 10-32 մմ տրամագծով A500S դասի ամրանների օգտագործմամբ: Իր հերթին «Ասկե գրուպ» ընկերությունը նշված ամրանները 10 տոկոս զեղչով տրամադրելու է շինարարական ընկերություններին:
Կոտայքի մարզ այցի ավարտին Չարենցավանի կենտրոնական հրապարակում Սերժ Սարգսյանը մասնակցել է «Չարենցյան շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում անցկացված «Չարենցի քաղաք» խորագրով համաքաղաքային առաջին էքսպո-ցուցահանդեսի, այնուհետ նաև Եղիշե Չարենցի հուշարձանի բացման արարողություններին, հրապարակում դիտել երեխաների կավճանկարչության աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզից աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031