Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրակությունների ձեւավորման նոր կարգը ՀՅԴ-ին կբավարարի

Հոկտեմբեր 22,2013 17:15

«Մենք բավականին լուրջ առաջարկություններ եւ առարկություններ ենք ներկայացրել, որոնք հիմնականում ընդունվել են եւ կարծում եմ, վերջնական տեքստը կարող է բավարարել, որպես այնպիսի կարգ, որը կարող է արդարացի ներկայացնել ԱԺ-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է տարբեր միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակության մասնակցության հարցը:

ԱԺ նախագահն առաջարկել է, որ պատվիրակությունների ձևավորման կարգում, գործի այսպես կոչված՝ այլընտրանքի սկզբունք, համաձայն որի, եթե որեւէ խմբակցությունն առաջարկում է x անդամի թեկնածու, ապա առաջարկի ևս x ցուցակ, որից ԱԺ նախագահը, որն ունի պատվիրակությունները ձևավորելու իրավասությունը, ունենա 2x հոգանոց ցուցակից ընտրելու հնարավորություն: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Փոստանջյանին կզրկեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու հնարավորությունից:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ տարբեր կազմակերպություններում տարբեր թվաքանակ կա պատվիրակությունների ձեւավորման, եւ բոլոր խմբակցություններին հնարավոր չէ տեղավորել դրանց մեջ, ուստի արդարացի է այն մոտեցումը, որ խմբակցության թվաքանակը պետք է բավարարի առաջարկներ ներկայացնելու համար: Իսկ ԱԺ նախագահն իր ընտրությունը պետք է կատարի արդեն ելնելով որոշակի չափանիշներից`կապված տվյալ կազմակերպության կանոնադրության հետ, եւ տվյալ պատվիրակությունում աշխատելու հնարավորություններից:

«Սկզբում իրենք ներկայացրել էին մի մոտեցում, որը սահմանափակում էր խմբակցությունների հնարավորությունը`ընտրության հնարավորությունն ավելի շատ թողնվում էր ԱԺ նախագահի վրա, այն մասերով, որտեղ տվյալ խմբակցությունը կարող է տեղ ունենալ տվյալ պատվիրակության մեջ: Մեր ասածն այն է, որ եթե դա վերապահվում է տվյալ խմբակցությանը, խմբակցությունն ինքը պետք է որոշի, թե ո՞ւմ է ներկայացնում, ոչ թե երկու հոգի ներկայացնի` նախագահն էլ ընտրի: Այս առարկությունն ընդունվեց: Իհարկե, նաեւ չափորոշիչներ սահմանվեց, որ խմբակցությունը պետք է ներկայացնի այնպիսի մեկին, ով իրական պատվիրակության գործունեության մեջ ներգրավվի եւ աշխատի: Չափորոշիչներից մեկն էլ այն է, որ տիրապետի տվյալ կազմակերպությունում գործող աշխատանքային լեզուներից որեւէ մեկին: Իսկ եթե ներկայացվում են այնպիսի անձինք, որոնք չեն համապատասխանում տվյալ միջազգային կազմակերպության կանոնադրությանը կամ այդ չափանիշներին, ԱԺ նախագահն իրավունք է ունենում`խորհրդակցելով խմբակցությունների հետ, փոփոխություններ կատարել պատվիրակության կազմում»,- ասաց պարոն Ռուստամյանը:

Պատվիրակությունների ձեւավորման նոր կարգն արդեն պատրաստ կլինի այսօր`օրվա ավարտին կամ վաղն առավոտյան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031