Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Չեմ կարծում, որ պատգամավորին կամ որեւէ մարդու կարելի է ինչ-որ ձեւով պարտավորեցնել, որ հարգանքով դիմեն»

Հոկտեմբեր 22,2013 17:01
Hermine Naxdalyan

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հնարավոր «Պատգամավորի վարքագծի կանոններ» մշակելով՝ պատգամավորներին էթիկայի սահմանների մեջ պահել:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ժամանակի հարց է. «Մեր երկրի քաղաքական համակարգը կայացման ընթացքի մեջ է: Սրանք գործընթացներ են, որոնք աշխարհում տարբեր արագությամբ են ընթացել: Տարիների, տասնամյակների աշխատանք է սա, կայացման գործընթաց է, տարբեր ավանդույթների ստեղծման, թերությունների հաղթահարման ժամանակամիջոց է: Հայաստանում քաղաքական համակարգի ստեղծման, կայացման, կատարելագործման գործընթացը բավական արագ է ընթանում: Նույնիսկ որոշակի խնդիրների նկատմամբ մենք շատ ավելի խստապահանջ ենք, քան այլ երկրներում: Օրինակ, Բրիտանիայում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելված չի, բաժնետեր լինելն արգելված չի պատգամավորների համար: Կան երեւույթներ, կան դրանց կանոնակարգումը, մենք մեր օրենսդրության մեջ շատ ավելի խիստ ենք գնացել»:

Մեր դիտարկմանը, որ դրանք չեն գործում՝ Հերմինե Նաղդալյանը չհամաձայնեց. «Այնպես չի, որ չի գործում: Գործում է: Մենք դեռ չունենք դրա ամբողջական, համալիր լուծումը, բայց դուք տեսնում եք, չէ՞, որ բավական շատ պակասել է գործարարությամբ զբաղվող պատգամավորների թիվը: Ընդ որում, այսօր արդեն մնացել են միայն բաժնետերերը: Գնալով շատ ավելի քիչ է այն մարդկանց թիվը, որոնք կարող էին համատեղել, կամ հենց իրենք ուղղակիորեն զբաղվեին ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ պատգամավորի վարքագծի կանոնների մշակումը, խստացումը հետո մահակ դառնա ընդդիմության գլխին՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Շատ վտանգավոր է, եթե այդպես լինի: Այդ մտավախությունը իմ մեջ էլ կա: Կա,՞ արդյոք, հնարավորություն այս ամենը մեկ ուժի դեմ օգտագործվի, մի ընդդիմադիրի դեմ դուրս գա: Մեր հանրության մեջ դա էլ բացառված չի»:

Նոր նախնական մշակված պատգամավորի վարքագծի կանոններում նշված է, որ պատգամավորները պարտավոր են իրենց գործընկերներին դիմել «հարգելի պարոն/տիկին» դիմելաձեւով: Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ «Չեմ կարծում, որ պատգամավորին կամ որեւէ մարդու կարելի է ինչ-որ ձեւով պարտավորեցնել, որ հարգանքով դիմեն: Դրա համար երկու հանգամանք է պետք՝ որ դիմողը նախեւառաջ դաստիարակված մարդ լինի եւ երկրորդը՝ ում որ դիմում է, նա էլ պետք է հարգանքի արժանի մարդ լինի: Որպեսզի ես կարողանամ ձեզ դիմելիս հանգիստ խղճով եւ ոչ թե օրենքի պարտադրանքով ասեմ՝ հարգելի այսինչ, դրա համար երկու կողմերի համապատասխանություն է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031