Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում Դավիթ Հարությունյանի խորհրդավոր ժպիտը

Հոկտեմբեր 22,2013 16:49

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Panorama.am-ի և Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից, որի  ժամանակ քննարկվել է տարբեր միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակության մասնակցության հարցը:

Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ փոփոխությունների արդյունքում «Ժառանգությունն» առհասարակ դուրս մնա ԵԽԽՎ պատվիրակության կազմից ՝ այլևս փոքրաթիվ խմբակցություն լինելու պատճառով, մանավանդ, որ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի`Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ պատվիրակության կազմում փոփոխություններ են լինելու, պարոն Հարությունյանն ասաց. «Այն կարգը, որ քննարկվել է այսօր, վերաբերում է միջազգային խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման կարգին և սկզբունքորեն կոչված է կանոնակարգելու ու հստակություն մտցնելու այդ հարցում: Եվ, այո, հնարավոր է, որ ինչ-որ խմբակցություն դուրս մնա պատվիրակության կազմից, որովհետև պատվիրակության ձևավորման նպատակն է արտացոլել ներկա քաղաքական ներկապնակը, իսկ այսօր այն արդարացիորեն արտացոլված չի՝ մասնավորապես ԵԽԽՎ պատվիրակության կազմում քաղաքական մեծամասնությունը ներկայացված է փոքրամասնություն, ինչը սկզբունքորեն եզակի երևույթ է»:

Մեր զրուցակիցը նաեւ հղում արեց ԱԺ կանոնակարգ օրենքին, ըստ որի՝ պատվիրակության կազմերը հաստատում է ԱԺ նախագահը: Նրա խոսքով, Ազգային ժողովում կարող են լինել բազմաթիվ խմբակցություններ, իսկ անդամների թիվը սահմանափակ և հենց այդ պատճառով կարող են որոշ խմբակցություններ ուղղակի չընդգրկվել այս կամ այն պատվիրակության կազմում:

Հարցին, թե արդյոք արդեն հայտնի՞ է, թե որ խմբակցությունները, մասնավորապես, չեն ընդգրկվի պատվիրակության կազմի մեջ, Հարությունյանը խորհրդավոր ժպիտով ասաց. «Հայտնի չէ, թեև ենթադրվում է»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, հստակ է մեկ բան՝ ապահովել, որպեսզի մեծամասնությունը չլինի փոքրամասնություն և հենց դա է հիմնական խնդիրը. «Պարտադիր չէ, որ մեծամասնությունը լինի մեծամասնություն, բայց առնվազն մեծամասնությունը իրավունք ունի հավակնելու ունենալ պատվիրակության անդամների գոնե կեսը: Ստացվում է, այս դեպքում էլ արդարացի չի լինի, քանի որ խորհրդարանի ամբողջ ներկապնակը դարձյալ ներկայացված չի լինի, բայց այս հարցում, ինչպես ասում են, դիմեք ԵԽ-ին, որովհետև ԵԽ-ն է սահմանել պատվիրակության կազմի թվաքանակը»:

Դավիթ Հարությունյանը մատնացույց արեց միջազգային կառույցներում որոշ պատվիրակությունների, որոնց պատվիրակների թիվը շատ ավելի փոքր է, քան ԵԽԽՎ-ում է: Օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ընդամենը 5 պատգամավոր պետք է լինի հայկական պատվիրակության կազմում, մինչդեռ խմբակցությունների թիվը վեցն է:

Այն հարցին, թե արդյոք կա բողոքարկման ինչ-որ մեխանիզմ ԱԺ նախագահի որոշումը բողոքարկելու համար, Դավիթ Հարությունյանն ասաց, որ պահանջը, թե ինչպիսին պետք է լինի պատվիրակությունը և ինչպես պետք է մասնակցեն ԱԺ խմբակցությունները սահմանված են ԵԽԽՎ կանոնադրությամբ և եթե ԵԽԽՎ կանոնադրությունը խախտվում է, ապա դա կարող է բողոքարկվել կառույցի համապատասխան կոմիտե:

Անգամ օրինակ բերեց՝ վերջին նստաշրջանում Իսլանդիայի պատվիրակության կազմում ներկայացված չեն եղել կանայք, ինչը կանոնադրության խախտում է: Եվ այդ պատճառով պատվիրակության լիազորությունները կասեցվել էին, սակայն մինչև հարցի քննարկումը, ինչը տեղի է ունենում հինգշաբթի օրերին, Իսլանդիայի խորհրդարանը փոխեց պատվիրակությունը և ընդգրկեց կին, որով բավարարեց ԵԽԽՎ պահանջներին:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Զարուհի Փոստանջյանի խմբակցության ղեկավար ընտրվելը կարող է նրան փրկել պատվիրակության կազմից դուրս մնալուց, Հարությունյանն ասաց. «Ես կոնկրետ անձերի մասին հիմա չէի խոսի, այլ խոսում եմ այն պահանջների մասին, որոնք ամրագրված են կանոնադրությամբ: Այո, ես հասկանում եմ, որ մեծամասնությունը ինչ-որ շրջանում զիջել է իր տեղը այլ կուսակցությունների, որոնք իշխանության մաս չեն կազմում, սակայն դա նորմ չէ, հակառակ ՝ բացառություն է»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում ութ պատգամավոր է ներկայացված՝ չորսը հիմնական կազմում, չորսը՝ փոխարինող: Ներկայումս մշտական կազմում են Դավիթ Հարությունյանը՝ պատվիրակության ղեկավար, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: Փոխարինող կազմում են՝ ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031