Երեկ Ուկրաինայից մեր հրաձիգները վերադարձան փայլուն արդյունքներով՝ 3 ոսկե, 2 արծաթե մեդալով և 7 գավաթով:
Հոկտեմբերի 16-20-ը մեր հավաքականը մասնակցում էր Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացած «Հրաձգության օդամղիչ ձևերից» Ուկրաինայի երիտասարդների առաջնությանը:
Միջազգային մրցաշարն անցկացվել է 5 պետություններ ներկայացնող մինչև 1993թ. ծնված ավելի քանի 300 մարզիկների մասնակցությամբ:
Ի դեպ, նույն օրերին Վինիցցայում զուգահեռաբար անցկացվել է նաև «Գնդակային հրաձգության» Ուկրաինայի մեծ մրցանակի առաջնությունը:
Մարզական միջազգային այս 2 միջոցառումներին Հայաստանի հանրապետությունը ներկայացված է եղել հայ հրաձիգների 6 հոգանոց թիմով՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Հայաստանի հավաքականի մարզիկներն իրենց դիպուկ կրակոցներով լավագույն արդյունքներն են գրանցել ոչ միայն երիտասարդների՝ այլև «Գնդակային հրաձգության» գրան պրիի առաջնությունում:
Հրաչ Բաբայնն օդամղիչ հրացան, 10մ վարժությունում 600 հնարավորից խոցել է ռեկորդային 599 միավոր, ինչի շնորհիվ ճանաչվել է «Ուկրաինայի առաջնությունների տարվա լավագույն հրաձիգ» և արժանացել 2 ոսկե մեդալի ու առաջնության գավաթի:
Օդամղիչ հրացան 10մ վարժությունում Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) 599 միավորով դարձել է չեմպիոն և սահմանել Ուկրաինայի ռեկորդ: Ի դեպ, այն ռեկորդային արդյունք է նաև Հայաստանի համար: Հրաչ Բաբայանն այս արդյունքով լուրջ հայտ ներկայացրեց փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունում երիտասարդների օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար:
Ուկրաինայում նույն վարժության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Բերյանը (ՍՎ)՝ խոցելով 591 միավոր: Օդամղիչ հրացան,10մ վարժությանը մասնակցում էր 62 հրաձիգ, որոնցից հիմնական փուլ էին անցել լավագույնս հանդես եկած 30-ը: Նույն վարժության աղջիկների պայքարին մասնակցում էր 58 հրաձիգ, որոնցից Սուսաննա Հովհաննիսյան ը(ՍՎ) 386 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: Օդամղիչ ատրճանակ, 10մ վարժությանը մասնակցել է 60 մարզիկ, որոնց թվում Զավեն Իգիթյանը (I կարգ) 565 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Վազող թիրախ նորմալ վազք, 10մ վարժության աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը (ՍՎ): Նա 360 միավորով գրավել է 1-ին տեղը՝ ետևում թողնելով 9 մրցակից: Նույն վարժության տղաների պայքարին մասնակցում էր 23 մարզիկ, որոնցից Արթուր Պետրոսյանը (ՍՎ) 546 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Թիմային հաշվարկով ևս եղել ենք առաջատար դիրքերում: Հինգ երկրների շարքում Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը գրավել է 1-ին տեղը և արժանացել գավաթի՝ 2-րդ տեղում թողնելով Բելոռուսիային, 3-րդ -ում՝ Մոլդովային:
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկները «Հրաձգության հանրապետական» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան» մարզադպրոցների սաներ են: