Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պետք չի ձուկ բռնել սովորեցնել, երբ ձուկ չկա»

Հոկտեմբեր 22,2013 16:39

Այսօր Ազգային ժողովում շարունակվում էր քննարկվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Այս օրենքի նախագծով ենթադրվում է հրաժարվել նպաստների համակարգից եւ դրա փոխարեն աշխատանք առաջարկել մարդկանց:

Երբ ընթանում էին օրենքի նախագծի քննարկումները, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ելույթ ունենալով, ներկայացրեց «օրենքի գաղափարախոսությունը», այն է՝ հանել մարդկանց միջից նպաստ ստանալու հոգեբանությունը,հանել մարդկանց միջից մուրալու հոգեբանությունը, երբ ձեռքը պարզում եւ խնդրում է՝ պետություն ջան, փող տուր: Տիկին Եսայանը կարծում էր, որ պետությունից քաղաքացին այսուհետ պետք է աշխատանք եւ ոչ թե փող ուզի, եւ այս «փիլիսոփայությունը լուրջ հեռանկար ունի»: Տիկին պատգամավորը կարծում էր, որ այս օրենքի ընդունումը կնպաստի, որ արժանապատիվ քաղաքացի եւ արժանապատիվ պետություն ունենանք, որ նպաստները նահանջեն, որ քաղաքացին գումար չմուրա:

Նրանից հետո ելույթ ունեցողներից մեկը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էր: Տիկին Զոհրաբյանին տարօրինակ էր թվում, որ ոմանց մոտ այս օրենքը ասոցացվում է հոգեբանության փոփոխության հետ, «այս խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քաղաքացիները մուրացիկ են, աշխատանքի սովոր չեն, եւ մենք պետք է օրենք ընդունենք, որպեսզի նրանք ծուլության եւ մուրացիկության թմբիրից դուրս գան, քանի որ լայնածավալ աշխատանքներ եւ աշխատավայրեր են նրանց սպասվում»:

Վրդովված շարունակելով խոսքը՝ տիկին Զոհրաբյանը, նկատեց, որ ցանկացած միտք արտահայտելուց առաջ մտածելը դեռեւս որեւէ մեկին վնաս չի բերել, եւ մեր ժողովրդին պետք չէ մուրացիկի տեղ դնել, եւ մտածել, որ օրենքով կարող են հոգեբանության մեջ բեկում մտցնել ու այդ ծուլությանն ու մուրացկանությանը սովոր քաղաքացիներին ուղղել ստախանովյան աշխատանքների:

ԲՀԿ պատգամավորը ասաց, որ ակնհայտ է, որ աբսուրդ է այս կառավարությանը որեւէ խնդիր թողնել կանոնակարգելու համար, չէ որ այս կառավարությունը ոչինչ չի անում, «այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է»: Նա հիշեցրեց, որ կառավարության խոստումներով մինչեւ 2013 թվականի ավարտը պիտի ստեղծվեին 70 հազար աշխատատեղ եւ 50 հազար ՓՄՁ, բայց, բնականաբար, ոչինչ էլ չեղավ: «Ես զարմանում եմ, թե իմ գործընկերները այդ ի՞նչն են հավանել այս օրենքի մեջ, որ ասում են՝ կարեւոր եւ լավ օրենք է: Ոչ, ուղղակի սա օրենք է այն մասին, որ այն 18 հազարական դրամը, որ ամեն ամիս որպես նպաստ տրվում էր քսան հազար մարդու, արդեն դա էլ չկա, դա էլ է վերջացել, եւ դրա համար օրենքով ուզում են վերացնել նպաստները՝ տեղը ոչ մի բան չառաջարկելով»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գեղեցիկ ձեւակերպումներով, նախադասությունների մեջ ՏՏ ոլորտ, IT ոլորտ եւ այլ սիրուն բաներ խցկելով փորձում են համոզել, որ պիտի մարդկանց սովորեցնեն, թե ինչպես դառնալ որակյալ մասնագետ, այնինչ մասնագետներ մենք շատ ունենք, ուղղակի՝ աշխատատեղեր չկան: «Փորձեք մի անգամ հայտարարություն անել, տանք ցանկը, թե հանրապետությունում քանի թափուր աշխատատեղեր կա, եւ կտեսնեք, թե որքան որակյալ մասնագետներ կգան: Մեզ մոտ մարդիկ աշխատանք փնտրող, որակյալ մասնագետներ կան, սակայն ձեր վարած քաղաքականության արդյունքում աշխատատեղեր գոյություն չունեն: Մարդիկ երկրից հեռանում են ոչ թե նրա համար, որ որակավորումը չի համապատասխանում, այլ, որովհետեւ չկա աշխատատեղ: Պետք չէ ոչ մի դասընթաց անել քաղաքացիների համար, ուղղակի հայտարարեք, որ չունեք գումարներ՝ այդ նպաստները տալու համար: Պետք չէ ձուկ բռնել սովորեցնել, կարթը բռնելու ձեւը բացատրել, եթե ձուկ չկա, որ բռնեն»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ հավելեց, որ կառավարությունը այս քայլերով իր ժամանակն է ձգում, իսկ թե որքան կձգի՝ կախված է մեր բոլորի համբերությունից եւ դիմացկունությունից»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031