Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Եթե իշխանությունը գրող-կարդացող չէ, հասարակությունը հետ է կանգնում գրքից»

Հոկտեմբեր 22,2013 16:05

Հոկտեմբերի 22-ը դպրոցական գրականության միջազգային օրն է:

Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրերը` «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը, փորձեցին պատասխանել լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, օրինակ` ի՞նչ են կարդում այսօր դպրոցականները, ինչպիսի՞ գրքեր են նրանց հետաքրքրում, և ի՞նչ գրականություն է տպագրվում երեխաների համար:

Բայց մինչ այս հարցերին անդրադառնալը, Արմեն Մարտիրոսյանը ցավով խոսեց այսօր առավոտյան իրենց փոքրիկ գրախանութին մատուցված «անակնկալի» մասին. «369600 դրամ արժողությամբ հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) պիտի գնենք մեր փոքրիկ տաղավարի համար: Մենք տարեկան այստեղ վաճառում ենք մոտ 350 գիրք, դա նշանակում է, որ կառավարությունը մեզ ստիպում է գիրքը թանկացնել մոտ 1000 դրամով: Էլ ի՞նչ գրականության մասին է խոսքը, եթե քո կառավարությունը այսպես է վարվում նաև գրքի հետ: Ինչո՞ւ պիտի ամեն տարի ՀԴՄ սարք փոխենք»:

Այնուհետև նա խոսեց գրականության, մասնավորապես մանկական գրականության զարգացման ժամանակակից միտումների մասին. «Գրականությունը, հատկապես մանկապատանեկան և ուսումնական գրականությունը, գնում է դեպի համացանց, դեպի էլեկտրոնային գրքեր: Արդեն երեք տարի հետո, ասենք Ռուսաստանի նման երկրում այլևս չեն լինի թղթե դասագրքեր: Ես կարծում եմ` մենք մի քիչ կուշանանք, չնայած որոշ հրատարակիչներ արդեն պատրաստ են դրան: Հակոբ Մեղապարտից մինչև Հակոբ Մովսես գիրքն իր տեսքը չի փոխել, թղթե գիրք է եղել, իսկ 21-րդ դարի քաղաքացուն դրանով չես բավարարի: Պետք է լավ բովանդակությունը նոր ձևերով մատուցել»,- համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Սակայն Երվանդ Պետրոսյանին այնքան էլ չեն ուրախացնում գրքի մատուցման ժամանակակից եղանակները. «Որպես հին սերնդի ներկայացուցիչ` ինձ չի ուրախացնում այն, որ կարող է վերանալ տպագիր, թղթե գիրքը: Ես դեմ չեմ էլեկտրոնային գրքերին, բայց լավ կլիներ, որ երկուսն էլ լինեին: Թեև, կարևորը բովանդակությունն է: Ես երջանիկ եմ, որ գրում եմ մանուկների համար, իսկ թե իմ գրածն էլեկտրոնային տարբերակով կհասնի ընթերցողին, թե մի այլ, դա այլևս իմ խնդիրը չէ»,- ասաց մանկագիրը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ հասարակության մեջ գնալով կավելանա ընթերցողների թիվը. «Ընթերցանությունը դարձյալ նորաձև կդառնա»,- կարծում է Ե. Պետրոսյանը:

Այս առիթով Ա. Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ կրթությունը, ընթերցանությունը խթանելու համար իրենք անցած տարի մշակույթի և կրթության նախարարությունների հետ կազմակերպել են ընթերցանության օլիմպիադա: Նա այդ մասին մասնավորապես ասաց. «Նպատակը ընթերցասեր երեխային, որին սովորաբար ծաղրում են շրջապատում, այդ նույն շրջապատի համար «հերոս» դարձնելն էր: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հաղթող երեխայի ընտանիքին տալիս էր անվճար ԱՊՊԱ, «Աշտարակ կաթն» էր նվերներ տալիս, Մշակույթի նախարարությունը 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած երեխաների` դպրոցական, քաղաքային և մարզային գրադարանները համալրեց գրքերով: Այսինքն` այդ երեխան միաժամանակ դառնում է դպրոցի, քաղաքի և մարզի «հերոս»: 1-ին տեղը գրավողը իր ծնողին տանում է Հռոմ: Ես կարծում եմ, որ այսպիսի շահագրգռող բաներ շատ պետք է լինեն:

Մյուս կողմից, եթե իշխանությունը գնահատում է ընթերցանությունը, գիտելիքը, ապա հասարակությունը թեքվում է դեպի գիտելիքը, եթե իշխանությունը գրող-կարդացող չէ, հասարակությունը հետ է կանգնում գրքից: Եվ մենք վերջին 15 տարվա ընթացքում ունենք հենց այդ պատկերը: Եթե մեր ղեկավարները լինեն գրող և կարդացող, հասարակությունը շատ արագ կվերադառնա ու կդառնա գրող-կարդացող, քանի դեռ ոչ գրում են, ոչ կարդում, ունենալու ենք այն, ինչ որ ունենք: Առաջին անգամ մեր պատմության մեջ պետական գործիչը` Արմեն Աշոտյանը, գնաց և բաց ընթերցումների մասնակցեց: Երևույթ էր, որից հետո մենք տեսանք փոփոխություններ: Հիմա սպասում ենք այլ նախարարների, այլ պետական գործիչների, որ ցույց տան, որ իրենք գրքի հետ կապված են»:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են գտնվում այսօր դպրոցական գրադարանները, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «105 ավագ դպրոցներում կա շատից-քչից նորմալ գրականություն: Նախանցյալ տարի Համաշխարհային բանկը և Կրթության նախարարությունը համալրել են դպրոցական գրադարանները: Համենայն դեպս, գոնե 200-300 կտոր լավ գրքեր կան: Դա վերջին համալրումն էր 20 տարվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է մյուս, ոչ ավագ դպրոցներին, ապա անցած տարի մենք եղել ենք տարբեր մարզերի 25 քաղաքներում և տեսել ենք` ինչ խայտառակ վիճակ է տիրում դպրոցական գրադարաններում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031