Aravot.am-ը հարցրեց 90 օր Երեւանի քաղաքապետարանի մոտ «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներից նստադուլ անող Վահագն Մինասյանին՝ արդյոք Հայաստանում պայքարի արդյունավետ տարբերակնե՞ր են հացադուլները, նստադուլները կամ դասադուլները, երբ հիմա էլ նրանք են որոշել դադարեցնել իրենց նստադուլը, եթե մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանը չկատարի շարժման մասնակիցների պահանջը:
«Նախ ասեմ, որ պայքարի գործիքների լավ կամ վատ լինելը, դրանց արդյունավետ լինելը քննարկելը այս պահին սխալ եմ համարում, քանի որ կան պայքարի գործիքներ, որոնք պետք է ճիշտ եւ տեղին օգտագործեն: Ես չեմ համարում, որ նստացույցն անարդյունավետ միջոց է, չնայած այն երեւույթին, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ խնդիրների շուրջ հայտարարվել է նստացույց, եւ ի վերջո արդյունք չի գրանցվել: Սակայն երբ վերլուծում եմ այս իննսունօրյա նստացույցի տված արդյունքները, երեւույթներն ու փոփոխությունները, միանշանակ պետք է ասեմ, որ ապարդյուն չի անցել, սակայն կարծում եմ, որ ռեժիմի այսպիսի դրսեւորումներից հետո ավելի ակտիվ եւ սուր գործողությունների պիտի դիմենք»,- պատասխանեց Վահագն Մինասյանը:
Նստացույցից հետո որոշել են միավորել բոլոր ցանկացող ուժերին՝ խնդրի լուծման տարբերակները որոշելու համար, իրենց պահանջի համար պայքարի ժամկետ չեն որոշել. «Պայքարն անդադար է, քանի դեռ մենք չենք ունեցել սահմանադրական հանրապետություն: Ես իմ անունից կարող եմ ասել, եթե նույնիսկ ես մնամ մենակ, ես կփորձեմ պայքարել»,- ասում է Վահագն Մինասյանը:
Նա հավատացնում է՝ պայքարի շեշտադրումը ոչ միայն երկու պաշտոնյաների պաշտոնանկության վրա է, այլեւ առհասարակ բոլոր հիմնախնդիրների լուծման:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ