Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`Հովիկ Աբրահամյանին. «Դուք կարող ա՞ գիտեք Օսմանյան կայսրությունում ենք»

Հոկտեմբեր 22,2013 15:56

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր առավոտյան տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է տարբեր միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակության մասնակցության հարցը:

ԱԺ նախագահն առաջարկել է, որ պատվիրակությունների ձևավորման կարգում գործի այսպես կոչված՝ այլընտրանքի սկզբունքը: Օրինակ՝ եթե «Հանրապետական» խմբակցությունն առաջարկում է հինգ անդամի թեկնածու, ապա առաջարկի ևս հինգի ցուցակ, որից ԱԺ նախագահը, որն ունի պատվիրակությունները ձևավորելու իրավասությունը, ունենա այդ տասը հոգանոց ցուցակից ընտրելու հնարավորություն: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Փոստանջյանին կզրկեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու հնարավորությունից:

Արդեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Զարուհի Փոստանջյանը, որը մասնակցել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ պատվիրակությունների ձևավորման նոր կարգին վերաբերող խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությանը`մինչ խմբակցության ղեկավար լինելը, լրագրողների հետ զրույցում ասաց, պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է «Ժառանգության» դեմ: «Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» ներկայացնում է այլ կարծիք, և ցանկությունը հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմը փոխելուն է միտված, և ասացի, որ սա ուղղակի քաղաքական հետապնդման մի միջոց է, որ Դուք ցանկանում եք կարգը փոխել: Հիմա փորձում է պարոն Աբրահամյանը կարգը փոխել, Հանրապետական կուսակցությունը ցանկանում է բոլոր պարագաներում լինել թելադրողի, ստիպողի դերում: Բայց մենք էլ չենք պատրաստվում հանդուրժել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահը փորձում է կիրառել «ինչ-որ ռոտացիոն սկզբունքներ»:

ԱԺ նախագահի ներկայացրած առաջարկի մասին է տիկին Փոստանջյանն ասաց. «Դա էլ արդեն խմբակցությունների ներկայացուցիչների սկզբունքին է դեմ, այսինքն՝ խմբակցությունն ինքը պետք է ներկայացնի, նա փորձում է ամեն խմբակցությունից մի քանի անձի ներկայացվածությունից նոր ընտրություն կատարել: Եվ պարոն Զուրաբյանը շատ դիպուկ մի հայտարարություն արեց, ասաց՝ Դուք կարող ա՞ գիտեք Օսմանյան կայսրությունում ենք, որ կաթողիկոսներ էին առաջարկում, մի քանիսը պետք է լինեին, որից հետո նոր կայսրը պետք է ընտրություն կատարեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031