Ամենակոռումպացված եւ ռիսկային ոլորտը պետգնումների համակարգում շինարարության, այդ թվում նաեւ ասֆալտապատման ոլորտներն են: Այսօր «Բլից մեդիա» ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե որ ոլորտներում են ավելի շատ խախտումներ լինում, ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:
Aravot.am-ի այն դիտարկմանը՝ չնայած Վերահսկիչ պալատի բացահայտումներին, կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ պետական գնումների ոլորտը բարելավվել է, պարոն Մանուկյանն ասաց. «Ես չէի ուզենա խորանալ: Այնտեղ մասնագիտական խնդիրներ կան, ավելի քաղաքականացված է, քան մասնագիտական վերլուծության արդյունք է»:
Պարոն Մանուկյանի ներկայացմամբ` «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» ժամանակին ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, երբ ընտրությունների ընթացքում ասֆալտապատումը ավելանում էր, հետո պարզվում էր հետագայում, դա ինչ-որ մեկի գնումների առարկա էր հանդիսանում: Ըստ փորձագետի, հ/կ-ն առաջիկայում ուսումնասիրելու է հենց ընտրությունների շրջանում կատարված ասֆալտապատման գործընթացը:
Ըստ փորձագետի, պետգնումների ոլորտում ռիսկային է նաեւ մեկ անձից կատարվող գնումները, սա հատկապես մարզերում է շատ ռիսկային ու թեեւ պետական համակարգը պատճառաբանում է, որ մրցույթին մասնակցելու այլ հայտեր չեն եղել, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ անձից գնումը կատարել է պաշտոնատար անձի հետ փոխկապակցված ընկերությունը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նման օրինակներ կարող է պարոն Մանուկյանը ներկայացնել, հիմնվելով պետռեգիստրի ու լրատվամիջոցների հրապարակումների վրա, գնումների փորձագետը վստահեցրեց, որ օրինակ` Արագածոտնի մարզի մարզպետարանը մեկ անձից գնում է կատարել «Ես եւ նա» ՍՊԸ-ի միջոցով, իսկ այս ընկերությունը մարզպետի եղբորն է պատկանում: Նույն պատմությունն է նաեւ Վանաձորի քաղաքապետարանում, քաղաքապետարանը մեկ անձից գնում է կատարում իր քաղաքապետին պատկանող «Արգիշտի 1» ընկերության միջոցով:
Պարոն Մանուկյանի խոսքերով` մեկ անձից կատարվող գնումների լուրջ եւ խոշոր մրցույթներին մասնակցում են նույնիսկ այնպիսի ընկերություններ, որոնք էլեկտրոնային ոչ մի տվյալ չունեն, նույնիսկ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված չեն:
Հ/կ-ի ուսումնասիրություններով, գնումների մասով գնալով ավելանում է բողոքների քանակը, սակայն դրա հետ մեկտեղ ավելանում է նաեւ առանց քննության թողնված բողոքների քանակը: Ըստ փորձագետի, սա խոսում է այն մասին, որ ընկերությունների նկատմամբ ճնշում է գործադրվում այլ խոշոր ընկերությունների կողմից, քանի որ տարօրինակ է, երբ ընկերությունը փաստաթղթերը պատրաստում է, վճարում է 30 հազար դրամ, մի քանի օրից դիմումը հետ է վերցնում, եւ երբ ուսումնասիրում են, թե ինչ ընկերություններ են մասնակցել մրցույթին, պարզ է դառնում, որ ճնշում է գործադրվել: Նման դեպք, օրինակ, գրանցվել է դեղերի գնումների հետ կապված, մրցույթին մասնակցել է «Նատալի ֆարմը», մեկ այլ ընկերություն բողոք է ներկայացրել, հետո հետ վերցրել այն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ