Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլազե՞ւն էր իրավացի, թե՞ ջայլամի կեցվածքն է հարմար

Հոկտեմբեր 22,2013 14:58

ՄԻ քանի օր առաջ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը բավականին ուշագրավ մեկնաբանություններ էր տվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առթիվ: Եթե հավատանք ռուս բարձրաստիճան պաշտոնյայի ասածներին, Հայաստանի նախագահն իր մոսկովյան հայտնի հայտարարությունն արեց ոչ թե ՌԴ-ի, այլ Եվրամիության ճնշման ներքո: Բացելով որոշ փակագծեր՝ պարոն Գլազեւն իրեն անգամ իրավունք վերապահեց խորհուրդ տալ ՀՀ վարչապետին: Թվում էր, որ հայաստանյան պատկան մարմինները պետք է «արժանի հակահարված» տային ռուս պաշտոնյային՝ իր որդեգրած կեցվածքի համար: Բայց, պարզվում է, մերոնք, մասնավորաբար՝ Եվրամիության հետ չորս տարի բանակցող կառույցների ներկայացուցիչները գերադասում են ջայլամի քաղաքականությունը: Քանի որ տվյալ գերատեսչություններն անտեսեցին Սերգեյ Գլազեւի՝ մեր թերթում արտահայտած մտքերը, «Առավոտը համապատասխան հարցադրումներ ուղղեց:

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը՝ շարունակելով. «Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առեւտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ՝ նա կվերանայեր իր մոտեցումները»: «Առավոտը» ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվել էր՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ականջալուր լինել ՌԴ նախագահի խորհրդականի խորհրդին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են պարոն Գլազեւի հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի հետ բանակցություններ վարող չինովնիկներն անգամ անտեղյակ էին Ասոցացման համաձայնագրի կետերից:

Պարոն Գլազեւը նույն հարցազրույցում հստակ հայտարարել էր, որ ՀՀ-ին առաջարկել էին դառնալ «ԵՄ-ի վագոն», եւ ոչ թե ՌԴ-ն է ՀՀ-ին մղել Մաքսային միությանն  անդամակցելու որոշում կայացնելու, այլ ԵՄ-ն, եւ որպեսզի պահպանի անկախությունը եւ ՌԴ-ի հետ բալանսավորված հարաբերությունները, ըստ ռուս պաշտոնյայի՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր այդ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել: Ստացվում է՝ ՌԴ-ն Հայաստանին փրկել է Եվրոպայի ճիրաններից: Արդյոք դա իրականությո՞ւն է, արդյոք ԵՄ-ն Հայաստանին առաջարկո՞ւմ էր իր վագոնը դառնալ՝ այսպիսին էր վարչապետին ուղղված «Առավոտի» հաջորդ հարցը: Ինչպես նաեւ հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է փոխվել նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 180 աստիճանով փոխել է իր մոտեցումները: Մասնավորաբար, մի քանի օր առաջ՝ Մոսկվա մեկնելիս, ինքնաթիռում Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը մանրամասն ներկայացրեց հինգ կետից բաղկացած այն հիմնավորումները, որոնցով, ըստ վարչապետի, պայմանավորված էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը: Հետաքրքիր է, մինչ նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը վարչապետը չէ՞ր վերլուծել դաշտը, չգիտե՞ր այդ անհրաժեշտությունների մասին, որ իր հրապարակային ելույթներում բացառում էր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ թեկուզ ընդհանուր սահմանի բացակայությունը պատճառ բերելով:

Վարչապետի մամուլի խոսնակն «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին: Անպատասխան մնացին նաեւ ՀՀ ԱԳՆ-ին եւ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված մեր նույնաբովանդակ հարցերը: Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները չորս տարի հենց այդ գերատեսչության պաշտոնյաներն էին վարում:

Այս ամենից երկու հետեւություն կարելի է անել՝ կամ ռուս պաշտոնյայի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, կամ էլ մերոնք գերադասում են ջայլամի կեցվածքը՝ մարդկային կերպարից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031