Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջացնելով Եվրոպան

Հոկտեմբեր 22,2013 14:55

2008թ.-ի գարնանը Շվեդիան եւ Լեհաստանը նախաձեռնեցին Արեւելյան գործընկերությունը՝ Եվրոպական միության հավակնոտ մի քաղաքականություն՝ ուղղված Արեւելյան եվրոպական վեց հարեւաններին, ովքեր ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ:

Հիմա՝ հինգ տարի անց, Արեւելյան գործընկերության երրորդ՝ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, մենք եւ մի շարք շվեդ եւ լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսում ենք մի համատեղ այց դեպի Արեւելյան գործընկերության բոլոր մայրաքաղաքներ՝ Քիշնեւ, Կիեւ, Թբիլիսի, Երեւան, Բաքու եւ Մինսկ:

Առաջին ուղերձը, որ մենք բերում ենք, վերաբերում է այն ամենին, ինչն արդեն իսկ ձեռք է բերվել. մենք ավարտել ենք Ասոցացման համաձայնագրերի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի տարածության վերաբերյալ աշխատանքը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, որոնք ստորագրվելուց հետո կբերեն ԵՄ-ի հետ առավել լայն եւ խորը համագործակցության: Մենք ստորագրել ենք Վիզաների դյուրացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, ամենավերջինը՝ Հայաստանի հետ: Երկու դեպքում էլ տեսել ենք նշանակալի առաջընթաց բարեփոխումների եվրոպական օրակարգի հարցում: Չնայած աշխատանքի մեծ մասը չոր տեքստերի շուրջ բանակցություններ եւ բյուրոկրատական չափանիշների համապատասխանեցում էր, մենք քայլ առ քայլ բացել ենք շատ իրական դռներ առեւտրի եւ ճամփորդության համար:

Մեր երկրորդ ուղերձն այն մասին է, թե ինչ է պետք անել, որպեսզի Արեւելյան գործընկերության ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Դրան հասնելու համար մենք համատեղ արժեքների հանդեպ մեր գործընկեր երկրների առավել ուժեղ հանձնառության կարիքն ունենք: Մենք նաեւ պետք է հասարակության բոլոր հատվածների ջանքերը կենտրոնացնենք՝ նոր հնարավորություններից լիովին օգտվելու համար: Իրական վերափոխումը տեղի կունենա միայն այն երկրներում, որոնք որոշում կկայացնեն հօգուտ փոփոխության:

Մենք հստակորեն պահանջում ենք Բելառուսից ազատ արձակել իր քաղաքական բանտարկյալներին եւ կոչ ենք անում մեր գործընկերներին հեռու մնալ ընտրողաբար արդարադատության կիրառումից: Մենք մտահոգված ենք ժողովրդավարության հետնահանջով: Դեռ սպասում ենք, որ Ուկրաինան՝ այս գործընկերության առաջամարտիկը, վերջնական քայլ կկատարի, ինչը թույլ կտա ԵՄ-ին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում:

Որպես Արեւելյան Եվրոպայի հաճախակի այցելուներ՝ գիտենք, որ այս բաներից որոշները հեշտ չեն: Այն, ինչ խնդրում է ԵՄ-ն, ներառում է զոհողություններ եւ որոշ դեպքերում՝ նույնիսկ կորուստներ: Միաժամանակ մենք խորապես համոզված ենք, որ ձեռքբերումներն ավելի մեծ են, իսկ ջանքեր գործադրելը՝ արդարացված:

Բոլոր հետազոտություններն ու ամբողջ փորձը ցույց են տալիս, որ Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունները ժամանակի ընթացքում նշանակալի տնտեսական օգուտներ են բերում: Մենք սա տեսել ենք այն երկրներում, որոնք միացել են ԵՄ-ին 2004թ.-ին, երբ, օրինակ, Լեհաստանի առեւտուրը Շվեդիայի հետ համարյա կրկնապատկվեց անդամակցությանը հետեւած մի քանի տարիների ընթացքում: Մենք սա տեսել ենք Թուրքիայում, որի տնտեսական հրաշքը հիմնված է ԵՄ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության վրա: Եվ համոզված ենք, որ կտեսնենք դա նորից Արեւելյան եվրոպական գործընկեր երկրներում, որոնք կստորագրեն ԵՄ-ի առաջարկած նոր համաձայնագրերը եւ ամբողջությամբ կօգտվեն դրանցից:

ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիան բարեփոխումների համար ամուր հիմք կապահովի: Օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ի acquis-ին (Միության միասնական իրավական ժառանգությունը) կարող է հիասթափեցնող լինել, սակայն երկիրը երկրի հետեւից ցույց են տվել, թե դա ինչպես է օգնել բարգավաճմանը, եկամուտների ավելացմանը եւ սովորական քաղաքացիների կյանքերի բարելավմանը: ԵՄ-ն, իհարկե, պատրաստ է օժանդակել: Միայն 2013թ.-ին գործընկեր երկրների համար հատկացվել է 600 միլիոն եվրո, եւ ինչքան ավելի շատ լինեն բարեփոխումները, այնքան ավելի կմեծանա օժանդակությունը:

Այս քայլերից որեւէ մեկն ուղղակի ալտրուիզմ չէ կամ զրոյական գումարով խաղի մի մաս: Կայուն, բարգավաճող եւ անվտանգ երկրները լավ հարեւաններ են ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի նման երկրների համար: Մեր այցի ընթացքում կվերահաստատենք ամուր համերաշխությունն այն գործընկերների հետ, ում հանդեպ կիրառվում են անհեռատես արտաքին ճնշումներ՝ ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիան կասեցնելու համար:

Հուսանք, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կլինի ձեռքբերումների գագաթնաժողով: Միաժամանակ այն կնշանավորի ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ ավելի խորը ինտեգրացիայի սկիզբը: Սա լավ է մեզ բոլորիս համար: Չնայած որ մենք հավատում ենք, որ ԵՄ-ի դուռը պետք է բաց մնա ցանկացած եվրոպական երկրի համար, որը կցանկանա միանալ եւ կհամապատասխանի բոլոր չափանիշներին, այնուամենայնիվ՝ այս այցի ընթացքում մեր ուղերձը չի լինի մի վերացական խոստում, այլ քայլեր ձեռնարկելու գործնական քաջալերում:

Մինսկից՝ հյուսիս-արեւմուտքում մինչեւ Բաքու՝ հարավ-արեւելքում, բոլորը պետք է հասկանան, որ ապագան որոշվելու է այդտեղ, ոչ թե Վարշավայում, Ստոկհոլմում կամ Բրյուսելում: Արեւելյան գործընկերության երկրների համար կա պարզ տրամաբանություն. ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունների խորությունը վերջիվերջո սահմանվելու է ոչ այլ ինչով, քան իրենց հանձնառության խորությամբ: Ինչքան ավելի հավակնոտ է եվրոպական բարեփոխումների օրակարգը, այնքան ավելի հավակնոտ է եվրոպական ինտեգրացիայի ուղին, եւ այնքան ավելի իրատեսական է իրապես ամբողջական եւ ազատ Եվրոպա ունենալու մեր տեսլականը:

ՌԱԴՈՍԼԱՎ ՍԻԿՈՐՍԿԻ՝

Լեհաստանի արտգործնախարար

ԿԱՐԼ ԲԻԼԴՏ՝

Շվեդիայի արտգործնախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ոնց որ դոկտոև Գեբելսի ելույթի էաքիզը կարդայի: Փաստորեն լեհերն էլ պակաս գոբոլս չեն եղել, ու ունեցել են իրենց արժանի հակառակորդ 2 համաշխարհայինի ժամանակ: իզուր չէր, որ գերմանացիք լեհերի հետ այդքան դաժանորեն վարվեցին, լեհերին ու հրեաներին դիտարկելով իրար հավասրա հարթության վրա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031