Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կլինիկական չափորոշիչները կբարելավեն մեր երկրում բուժօգնության որակը

Հոկտեմբեր 22,2013 14:52

Կլինիկական չափորոշիչների մշակումն ու ներդրումը առողջապահական կարեւոր խնդիր է, որը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր բուժաշխատողի: Կլինիկական չափորոշիչների ներդրումն ընդունված գործընթաց է բոլոր զարգացած երկրներում: Այն հնարավորություն է տալիս բարելավել բուժօգնությունը, նվազեցնել բժշկական սխալները, վիճարկային հարցերի լուծման ժամանակ հիվանդի եւ բժշկի իրավունքների պաշտպանությունը, կանոնակարգել հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերականգնման լավագույն եղանակները: Մեր երկրում կլինիկական չափորոշիչների ներդրման անհրաժեշտությունն այսպես բացատրեց առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Զելվեյանն ասաց, որ կլինիկական չափորոշիչները կամրագրվեն, այսպես ասած, ուղեցույցներում, որոնք  կազմված կլինեն ապացուցողական բժշկության, այսինքն՝ ապացուցված փաստերի վրա: Պարունակ Զելվեյանի մեկնաբանմամբ՝ ցանկացած հիվանդություն ունի ուղեցուցային իր ապացուցողական արժեքն ունեցող բուժման մոտեցումները: Կլինիկական ուղեցույցը կպարունակի ընդհանուր տեղեկատվություն բժիշկների կողմից այս կամ այն մեթոդին նախապատվություն տալու, դեղորայքի օգտագործման, դեղաչափերի մասին, ուղեցույցով կսահմանափակվեն նաեւ անհարկի իրականացվող հետազոտությունները կամ կկանոնակարգվի անհրաժեշտ նվազագույն հետազոտությունների ցանկը եւ այլն:

Պարունակ Զելվեյանի խոսքերով՝ հաճախ իրականացվող նորագույն հետազոտությունները տարակարծությունների եւ վիճահարույց խնդիրների տեղիք են տալիս, այդ պատճառով այս չափորոշիչների մշակումն ու ներդրումը կարեւոր նշանակություն ունեն արդի բժշկության մեջ. «Այսօր բժշկագիտական աշխարհում ամեն ինչ, ինչ որ իրականացվում է առօրյայում, պետք է հենված լինի ապացուցողական բժշկության վրա եւ պիտի համապատասխանի բժշկական ուղեցույցներին, այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարեւորում բժշկական ուղեցույցների ներդրումը Հայաստանում: Այն առաջին հերթին ժամանակակից բժշկական ծառայության մատուցման հիմնական ուղեցույցն ու գրավականն է, եւ երկրորդ՝ շատ կարեւոր մի բաղադրիչ է, որով կարող է գնահատվել բժշկական մատուցված ծառայության որակը: Քիչ պակաս կարեւոր չէ նաեւ ապահովագրումը բժշկին՝ իր գործունեության մեջ, որովհետեւ եթե բժիշկը ուղեցույցով է գործում, ինքը սխալվելու ավելի քիչ հավանականություն ունի, այսինքն՝ ուղեցույցները մանրամասնորեն նկարագրում են այն բոլոր քայլերն ու գործընթացները, որոնք պիտի իրականացվեն կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պացիենտի մոտ: Այսինքն՝ կարեւոր են բժշկական ուղեցույցների լայնորեն կիրառումը եւ դրա ներդրումը: Դա շատ լուրջ փաստ է, եւ դրան պիտի լուրջ ուշադրություն դարձնենք»:

Պարոն Զելվեյանի ներկայացմամբ՝ այսօր Հայաստանում կան տարբեր աշխատանքային խմբերի, մասնագիտական ասոցիացիաների կողմից ստեղծված ուղեցույցներ, որոնք թեեւ ամենաժամանակակից մակարդակին համապատասխան են, սակայն լայնորեն կիրառում չեն ստացել մեր երկրում. «Այսինքն՝ յուրաքանչյուր կլինիկա, յուրաքանչյուր բժշկական մասնագիտական խումբ դրանք կիրառում է յուրովի, եւ դրանք համընդհանուր դեռեւս ներդրված չեն: Այդ իսկ պատճառով ես շատ եմ կարեւորում առողջապահության նախարարության նախաձեռնությունը, համաձայն որի՝ նախատեսվում է ստեղծել համընդհանուր կլինիկական ուղեցույցներ, ի դեպ՝ այդ ուղեցույցների կանոնակարգումը հանձնարարված է Առողջապահության ազգային ինստիտուտին, որը բացի իր ներուժից՝ ներառում է նաեւ հանրապետությունում գործող մասնագիտական միությունները, այդ թվում նաեւ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կառույցը»:

Ինչպես վստահեցնում է ազգային ինստիտուտի տնօրենը, մոտակա ժամանակներս նախարարությունը կունենա  որակյալ ուղեցույցներ: Նշենք, որ արդեն նախապատրաստված են մասնավորապես՝ սրտաբանության ոլորտի, ներզատաբանության (էնդոկրինոլոգիա), երիկամային հիվանդություններին առնչվող ուղեցույցները: Մարսողական տրակտի հիվանդությունների վերաբերյալ ուղեցույցներն էլ պատրաստման ընթացքի մեջ են:

Պարոն Զելվեյանի հավաստմամբ՝ արդեն իսկ առողջապահության նախարարության հաստատմանն են ներկայացված նյարդավիրաբուժական որոշ ուղեցույցներ. «Այսինքն՝ գործընթացը բավականին իր թափը ստացել է, մենք արդեն ունենք գործող, բայց շատ շուտով կունենանք ավելի շատ գործող ուղեցույցներ»:

Կլինիկական չափորոշիչներին առնչվող միջազգային փորձն ուսումնասիրելու համար վերջերս առողջապահության նախարարության պատվիրակությունը  գտնվել է Ֆինլանդիայի ազգային առողջապահության ինստիտուտում, որտեղ ֆինլանդական կողմի հետ ստորագրել է փոխադարձ համագործակցության հուշագիր:

«Այդ հուշագրի կարեւորագույն կետերից մեկն այն էր, որ Ֆինլանդիան պետք է Հայաստանին աջակցի ուղեցույցների պատրաստման եւ դրանց լայնորեն ներդրման հարցում: Կարծում եմ՝ դա այն կարեւորագույն խթաններից մեկն է, որը մենք այսօր ունենք արդեն, որովհետեւ ուղեցույցը զրոյից կազմելը շատ բարդ եւ ժամանակատար գործընթաց է, եւ շատ մեծ ռեսուրսներ է պահանջում: Եվ պետք էլ չէ նոր հեծանիվ հայտնաբերել, եթե առանց այն էլ այն արդեն վաղուց հայտնաբերված է, եւ կյանքի փորձով իր դերն ապացուցած ուղեցույցներ են, մասնավորապես՝ Ֆինլանդիայի առողջապահության ինստիտուտի կողմից մշակվածը, որը համարվում է այս դաշտի լավագույն կենտրոններից մեկը»,- նկատեց պարոն Զելվեյանը:

Մասնագետի գնահատմամբ՝ կլինիկական չափորոշիչների մշակման եւ ներդրման գործընթացը կնպաստի նաեւ Հայաստանում բուժաշխատող-հիվանդ հաղորդակցությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031