Երկհարկանի կարմիր ավտոբուսը Զվարթնոց տաճարից սփյուռքահայ երեխաներին հասցրեց Երեւան, մտավ Մաշտոցի պողոտա ու կանգ առավ Փակ շուկայի փլատակների մոտ: Տեսարանը տպավորիչ էր՝ երեխաներից մեկը միանգամից նկատեց, որ կառույցի ավերակները նման էին կետի կմախքի: Պատերն ու տանիքը չկային եւ մնացել էին միայն մի քանի կամարներ, որոնք իրոք ինչ-որ հսկա կենդանու կմախք էին հիշեցնում:
«Արի տուն» ծրագրով տարբեր երկրներից հայրենիք ժամանած երեխաները շարվեցին պարսկական մզկիթի դիմաց եւ նրանց ուղեկցող տիկին Զեփյուռը սկսեց պատմել.
«Սիրելի երեխաներ, սա մեր քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, որը ներառված է մարդկության պատմամշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Մի ժամանակ այստեղ վեր էր խոյանում Փակ շուկայի հոյակերտ շենքը, որը կառուցվել էր կոմունիստների օրոք»:
«Պապիկս այստեղ պահեստապետ էր աշխատում, ինձ ասել է, որ մի բուռ հող բերեմ», ընդհատեց տիկին Զեփյուռին երեխաներից մեկն ու հետաքրքրվեց՝ «Բա դուք տեսե՞լ եք այդ շուկան»:
Կարդացեք նաև
«Ինչպե՞ս չեմ տեսել, Վարդանիկ ջան, հայրս ինձ միշտ իր հետ բերում էր շուկա, նստեցնում դրա կենտրոնում գտնվող փոքրիկ ջրավազանի մոտ, իսկ ինքը գնում էր, ինչպես այն ժամանակ էին ասում՝ բազար անելու: Արտասահմանցի զբոսաշրջիկները գալիս էին եւ ինձ ամերիկյան ծամոն էին տալիս. դուք չգիտեք, թե ինչ էր այն ժամանակ մեզ համար ամերիկյան ծամոնը… Համ էլ մանրադրամ էին գցում ջրավազանի մեջ, ես էլ նրանց գնալուց հետո հանում էի: Այդպես ես սիրեցի զբոսաշրջությունը եւ մինչեւ հիմա էլ, ինչպես տեսնում եք, դրանով եմ զբաղվում»:
«Ջրավազանից փո՞ղ եք հանում»,- հարցրեց երեխաներից մեկը:
Տիկին Զեփյուռը ծիծաղեց ու հոգոց քաշեց. «Հենց այդ ջրավազանից էլ երեւի սկսվեց մեր Առաջին համաշաքարային պատերազմը: Ձեր ծնողները, որոնք հենց այդ պատերազմի պատճառով էլ գնացին արտասահման, երեւի պատմած կլինեն, թե ինչու է այն կոչվում համաշաքարային»:
«Պապիկս ասում էր, որ շաքար բերող ինչ-որ պատգամավորի պատճառով», -ասաց Վարդանիկը:
«Ճիշտ էր ասում պապիկդ: Երբ մեզ մոտ հաստատվեցին շուկայական հարաբերությունները, իհարկե, ամենից կարեւորը դարձավ շուկան ու սկսեց որոշել ամեն ինչ՝ ով կտիրեր այս Փակ շուկային, նա էլ տիրելու էր ողջ Հայաստանի շուկային: Դառնալու էր շատ ավելի կարեւոր մարդ, քան քաղաքապետը, նույնիսկ վարչապետը, նույնիսկ… Լավ, մի խոսքով, այս շուկան հայտնվեց Վարդանիկի պապիկի ասած մարդու ձեռքին»:
«Ու նա քանդե՞ց ջրավազանը», -կռահեց երեխաներից մեկը:
Տիկին Զեփյուռը կրկին հոգոց քաշեց՝ «Ոչ միայն ջրավազանը… Բոլորը նրան շատ էին խնդրում, որ մեր հարազատ շուկան թողնի այնպես, ինչպես որ այն կար մեր մանկության ժամանակ: Բայց նա…»:
Երեխաները լուռ նայում էին, թե ինչպես են արցունքները գլորվում տիկին Զեփյուռի աչքերից… Նրանք ձայն չէին հանում, բայց բոլորն էլ պատկերացնում էին փոքրիկ տիկին Զեփյուռին Փակ շուկայի ջրավազանի մոտ նստած՝ ամերիկյան ծամոնին սպասելիս… Նրանք իրենց կյանքում այնքան էլ շատ բան չէին տեսել, բայց արդեն հասկանում էին, որ ամեն մարդ ունի իր ջրավազանը…
Վարդանիկը չդիմացավ, մոտեցավ տիկին Զեփյուռին, բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Ծամոն ուզո՞ւմ եք, տիկին Զեփյուռ, Գլենդեյլից եմ բերել»:
Կինը սրբեց արցունքները, ժպտաց, մոր նման համբուրեց Վարդանիկին ու շարունակեց. «Հենց այդ ջրավազանի պատճառով մարդիկ բաժանվեցին երկու խմբերի՝ դեղինների եւ կարմիրների: Դեղինները պատրաստ էին մինչեւ վերջ պաշտպանել ջրավազանը, իսկ կարմիրներն ասում էին, որ ջրավազանը միայն խանգարում է… Խանգարում է ամեն ինչին՝ ոչ միայն մեծ ու շքեղ սուպերմարկետին, այլեւ իրենց լավ կյանքին, երեխաների ապագային… Սկզբում դեղիններն ու կարմիրները փորձում էին միմյանց համոզել, ցույցեր էին անում, բղավում իրար վրա, սուլում, ձվեր նետում… Բայց հետո սկսվեց Համաշաքարային պատերազմը…»:
Տեսնելով, որ տիկին Զեփյուռը կրկին հուզվեց, Վարդանիկը ուսապարկից մի գիրք հանեց ու ասաց. «Գիտենք, տիկին Զեփյուռ, մենք դա անցել ենք դպրոցում: Ուզո՞ւմ եք՝ դասագրքով կարդամ»: Ու սկսեց բարձրաձայն ընթերցել. «Դեղինները դիրքավորվեցին Մաշտոցի պուրակում ու սկսեցին նախապատրաստվել վճռորոշ ճակատամարտին: Կանխազգալով վերահաս վտանգը, կարմիրները որոշեցին կանխարգելիչ հարված հասցնել: Լույս 31-ի գիշերը նրանք թաքուն ներխուժեցին Մաշտոցի պուրակի տարածք՝ իրենց վերահսկողության տակ առնելով Փակ շուկայից մինչեւ պուրակ ձգվող մարդասիրական միջանցքը:
Անակնկալի եկած կարմիրներին այլ բան չէր մնում, քան դիմել միջազգային հանրությանը եւ քաղաքապետարանին: Սակայն թե մեծ տերությունները, թե քաղաքապետարանը չեզոք դիրք բռնեցին, հորդորելով կողմերին բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Իրենց հաջողություններով ոգեւորված կարմիրները ազատագրված տարածքներում հանրաքվե անցկացրեցին եւ հռչակեցին անկախ Շուկայական պետություն: Այն անմիջապես ճանաչեցին Սիլաչիի եւ Կոմիտասի շուկաները, Աբխազիան, Հարավային Օսեթիան, ինչպես նաեւ Վանուատուն:
Դեղինները հասկացան, որ կարող են ապավինել միայն ու միայն սեփական ուժերին: Վերադասավորելով իրենց շարքերը, նրանք գիշերով ջախջախիչ հարված հասցրեցին Մաշտոցի պուրակը գրաված կարմիրներին, իսկ այնուհետեւ ազատագրեցին նաեւ մարդասիրական միջանցքը՝ ստիպելով կարմիրներին ապաստանել Փակ շուկայի տարածքում:
Շուկայի պաշարումը երկար տեւեց, քանզի կարմիրներն այնտեղ սննդի եւ խմիչքի մեծ պաշարներ էին կուտակել: Դեղինները պարբերաբար մոտենում էին պաշարված շուկայի պատերին եւ բարձրախոսով հորդորում նրանց հանձնվել, սակայն կարմիրներն ամեն անգամ նրանց գլխին շաքար էին լցնում, ստիպելով լռել»:
Տիկին Զեփյուռը ժպտաց. «Այո, երեխաներ, հենց այդտեղից էլ առաջացավ «Խոսքդ շաքարով կտրեմ» ժողովրդական հայտնի արտահայտությունը»:
«Բա քաղաքապետարանը այդպես էլ չմիջամտե՞ց»,- հարցրեց երեխաներից մեկը:
«Պաշտոնական վարկածով քաղաքապետարանը մինչեւ վերջ պահպանեց իր չեզոքությունը, սակայն Վիկիլիքսի եւ Էդուարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերից պարզ երեւում է, որ պաշարման ընթացքում քաղաքապետարանի ղեկավարությունը միակողմանի բարոյական աջակցություն էր ցուցաբերում, իրեն պատկանող երթուղայիններով նորանոր կարմիրներ բերելով տարբեր սուպերմարկետներից եւ համալրելով պաշարվածների շարքերը՝ շուկայի ստորգետնյա դարպասներով», ընթերցեց Վարդանիկը:
«Ապրես, Վարդանիկ, ասաց տիկին Զեփյուռը, դու շատ օգնեցիր: Բայց արդեն ժամանակ չկա, արի ես շատ հակիրճ ամփոփեմ: Ի վերջո կառավարությունը եւ եկեղեցին ավարտեցին Գենդերային պատերազմը եւ իրենց հայացքն ուղղեցին դեպի Փակ շուկա: Նրանք հորդորեցին կողմերին հրադադար կնքել, դեղինները համաձայնեցին մի պայմանով՝ Փակ շուկան պիտի ապամոնտաժվի եւ հայտարարվի դրա շինարարության նոր տենդեր: Եվ հիմա դուք տեսնում եք, որ շենքը գրեթե լիովին ապամոնտաժված է, կանգուն են մնացել միայն մի քանի կամարներ եւ դեղատան մի մասը: Իսկ հենց այսօր կառավարությունը հրապարակելու է նոր տենդերի արդյունքները: Հիմա ես կխնդրեմ վարորդին միացնել ռադիոն, միգուցե հենց այս պահին արդեն հայտարարում են…»:
Վարորդ Օնիկը միացրեց կարմիր ավտոբուսի ռադիոն եւ այնտեղից հնչեց. «Կառավարության հայտարարած տենդերի արդյունքներով հաղթող է ճանաչվել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել…»:
Տիկին Զեփյուռի դեմքն այլայլվեց ու նա գոռաց. «Երեխաներ, շտապ բարձրացեք ավտոբուս, անմիջապես մեկնում ենք օդանավակայան»:
Աշնանային օդում ակնհայտորեն ահագնանում էր Երկրորդ համաշաքարային պատերազմի վտանգը…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ