Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլեյբոլը Հայաստանում կզարգանա»

Հոկտեմբեր 22,2013 14:46

Վստահեցնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը

– Պարոն Ասմարյան, վերջին օրերին լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի շուրջ զարգացող իրադարձությունները: Որպես ֆեդերացիայի հնաբնակ՝ կխնդրեինք Ձեր գնահատականները Հայաստանում վոլեյբոլի առկա իրավիճակի մասին:

– Գիտեք, համաձայնելով «հնաբնակիս» ձեր գնահատականին՝ ուզում եմ տեղեկացնել, որ ֆեդերացիայի անդամ եմ դեռեւս 1995 թվականից եւ  լավատեղյակ եմ Հայաստանում վոլեյբոլի պրոբլեմներին,  ճանաչում եմ ավագ եւ ներկա սերնդի մարզիկներին, մարզիչներին եւ մրցավարներին ու իմ պատկերացումներն ունեմ մարզաձեւի  խնդիրների լուծման վերաբերյալ: Իսկ այդ խնդիրներն այսօր բազմաշերտ են եւ խորքային՝ վաղուց լուծման կարոտ: Այսօր վոլեյբոլը Հայաստանում գտնվում է կաթվածահար եւ անօգնական վիճակում: Անմոռանալի ժամանակներից է, ինչ մեր հավաքական թիմերն ու ակումբները չեն կարողանում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների որակավորման հանդիպումներին, եվրոակումբային խաղերին: Միջազգային մասնագետների կողմից վաղուց ի վեր չեն անցկացվել վերապատրաստման եւ որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ մեր մարզիչների եւ մրցավարների համար: Ցավոք, այն, ինչ մենք ունեցել ենք տասնամյակներ շարունակ՝ մարզագույքի, հանդերձանքի, գնդակների ու ցանցերի, նվազագույն անհրաժեշտ պայմաններին բավարարող մարզադահլիճների բացակայություն,   երբեք չէր կարող տանել զարգացման ճանապարհով, իսկ հիմա մեզ հնարավորություն է ընձեռված ցանկություն ունեցող, հեղինակություն վայելող պետական-քաղաքական գործչի, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանի ջանքերով զարգացնել վոլեյբոլը, մեր հավաքականն ու ակումբները ներկայացնել միջազգային ասպարեզում, մի խոսքով՝ փրկել ու ոտքի հանել մարզաձեւը:

– Ներկայացրեք, խնդրեմ, տեղեկատվություն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսի աշխատանքների մասին:

– 2010 թվականին ֆեդերացիայի կոնֆերանսի շուրջ 20 պատվիրակների քվեարկությամբ նախագահ է ընտրվել Սուրեն Խաչատրյանը, ով պաշտոնավարել է մինչեւ ս/թ հոկտեմբերի 9-ը, երբ խորհրդի նիստում ամրագրվեց իր լիազորությունների ժամկետի ավարտը, ու նախագահի պաշտոնը թափուր մնաց: Մեր կանոնադրությամբ սահմանված կարգով՝ խորհուրդը հոկտեմբերի 19-ին հրավիրել է արտահերթ ժողով, որտեղ առաջադրվել է  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Ժողովը նախագահել է  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, մասնակցել են նախարարության այլ պաշտոնատար անձինք, ֆեդերացիայի անդամներից ընտրված ավելի քան 30 պատվիրակներ: Չունենալով առաջադրված այլ թեկնածություններ՝ Արթուր Բաղդասարյանը բոլոր մասնակիցների միաձայն քվեարկությամբ ընտրվեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Ժողովի քվորումի, քվեարկության կազմակերպման բոլոր ընթացակարգերը համապատասխանել են  կանոնադրական դրույթներին:

– Վերջերս Անապա քաղաքում Արթուր Բաղդասարյանի հետ միասին հանդիպում եք ունեցել Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Ի՞նչ  կպատմեիք այցի մասին, եւ որո՞նք են առհասարակ հայկական վոլեյբոլի զարգացման հետ կապված Ձեր ապագայի ակնկալիքները:

– Ինչին ես ականատես եղա Անապա քաղաքում, շատ տպավորիչ  էր: «Վոլեյգրադ» կոչվող ավանը նորագույն եւ ժամանակակից մարզագույքով եւ ենթակառուցվածքներով հագեցած մի համալիր է, որն աշխարհում գնահատվում է լավագույններից մեկը: Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ էր, որ ՌԴ եւ Հայաստանի ֆեդերացիաների միջեւ, ի դեպ՝ ՌԴ-ում այն ղեկավարում է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Անապայում ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որը նպատակաուղղված է մարզիկների, մարզիչների համատեղ ուսումնամարզական հավաքների, սպորտային-զանգվածային միջոցառումների անցկացմանը, գիտամեթոդական տեղեկատվության պարբերական փոխանակմանը, մարզչական եւ գիտամանկավարժական կադրերի, փորձի փոխանակմանը: Ուրախալի է նշել նաեւ, որ համաձայնագրով Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այսուհետ, ըստ ամենայնի, աջակցություն կցուցաբերի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային՝ մարզիկների, մարզիչների եւ մրցավարների ուսուցման, որակավորման բարձրացման, նյութատեխնիկական բազայի զարգացման, գիտամեթոդական օժանդակություն ցուցաբերելու, հայ վոլեյբոլիստների վարպետության մակարդակի բարձրացման հարցերում: Պայմանավորվածությունները խիստ կոնկրետ են, եւ ես վստահ եմ, որ ժամանակը մեզ շատ սպասեցնել չի տա:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Ներկայացնելով Վոլեյբոլի ֆեդերացիայի կարծիքը՝ «Առավոտը» պատրաստ է հրապարակել նաեւ Հայաստանի օլիմպական կոմիտեի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031