Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլեյբոլի ֆեդերացիայի ժողովն ու նոր նախագահի ընտրությունները անցկացվել են օրենքի կոպիտ խախտումներո՞վ

Հոկտեմբեր 22,2013 14:43

Գրեթե բոլոր լրատվամիջոցներում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու օրինականության հետ կապված «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը անձնավորվում է նրանց հարաբերություններով, քաղաքական երանգ է տրվում:

Իսկ «Առավոտին» հետաքրքրում է, թե ինչպե՞ս է հրավիրվել ու անցկացվել ֆեդերացիայի համաժողովը, նախագահի ընտրությունը օրենքի տառին համապատասխա՞ն է կազմակերպվել, թե՞ խախտումներով:

ՀԱՕԿ-ում հնարավորին չափ մանրամասն ներկայացրին գործող կարգը, իսկ մեկնաբանություններից ձեռնպահ մնացին՝ խոստանալով մոտ ապագայում համապատասխան տեղեկատվություն տալ ԶԼՄ-ներին:

ՀԿ-ների մասին օրենքով՝ ֆեդերացիայի ժողով հրավիրում է նախագահությունը՝ ոչ շուտ, քան 14 աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատվում են համաժողովի օրակարգը, օրը, վայրը, ժամը եւ այդ մասին պատշաճ ծանուցվում պատվիրակներին՝ մինչեւ 3 աշխատանքային օր առաջ: Ընդ որում, այս կարգը վերաբերում է հերթական համաժողովներին: Ավելի արագ համաժողով հրավիրել կարելի է միայն այն արտահերթ լինելու դեպքում: Մինչդեռ սա արտահերթ չէր, քանի որ նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է ժամկետը, եւ նա ֆեդերացիան ղեկավարել շարունակելու ցանկություն չունի:

Ֆեդերացիայի նախագահությունը  պետք է ապահովի պատվիրակների կազմը, քվորումը, ովքեր ձայնի իրավունքով են մասնակցում համաժողովին: Իսկ այս դեպքում չի մասնակցել ոչ մի մարզական հասարակական կազմակերպություն՝ «Սեւան», «Հայաստան», «Աշխատանք» եւ այլն:

Ըստ տեղեկությունների՝ սկզբնական ցուցակում եղել է մոտ  80 պատվիրակի անուն, սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար, «անցանկալիները» կրճատվել են, ու մնացել է 30 հոգի:

Ֆեդերացիայում ընտրովի պաշտոն զբաղեցնել կարող է այն անձնավորությունը, որը պատվիրակների ցուցակում է, հետեւաբար՝ ֆեդերացիայի անդամ: Արթուր Բաղդասարյանը պատվիրակ չի եղել:

Ֆեդերացիայի նախագահի, փոխնախագահների եւ ընտրովի պաշտոնների թեկնածուները պետք է առաջադրվեն պատվիրակների կողմից: Մինչդեռ այս դեպքում այդպես չի եղել:

Ֆեդերացիայի ժողովը նախագահել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, եւ ըստ տեղեկությունների՝ նա էլ առաջադրել է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Եթե դա, իրոք, այդպես է, դա եւս կոպիտ խախտում է, քանի որ դա ՀԿ-ների մասին օրենքի պահանջն է, համաձայն որի՝ հասարակական կազմակերպություններում ընտրությունների վրա արգելվում է պետական կառույցի որեւէ ազդեցություն: Այնպես որ,  ստացվում է, որ ոչ առաջադրողն առաջադրելու իրավունքն ուներ,  ոչ էլ  ընտրվողը՝ ընտրվելու:

ՀԿ-ների մասին օրենքով՝ ժողովները հատուկ պահպանվող տեղերում անցկացնելու իրավունք չկա, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրա թափանցիկությունը: Իսկ այդ ժողովն անցկացվել է ԱԽՔ-ի շենքում, որը հենց այդպիսի տարածք է:

Այդպես խախտվել է նաեւ ԶԼՄ-ների մասին օրենքը: Մասնավորապես, վոլեյբոլի ֆեդերացիայի ժողովը լուսաբանելու գնացած լրագրողներին, համենայնդեպս՝ ոմանց, շենք մտնել թույլ չեն տվել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031