Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ մանրացել ենք

Հոկտեմբեր 22,2013 14:28

Ձեզ շա՞տ է հետաքրքրում, թե ով է Հայաստանի գրողների միության նախագահը: Իսկ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագա՞հը: Ո՞չ: Ինձ էլ այդ հարցն առանձնապես չի հուզում: Ով էլ լինի՝ գրողները դրանից ավելի լավ չեն գրի, իսկ վոլեյբոլիստներն ավելի լավ չեն խաղա: Համենայնդեպս, այդ երկու ոլորտները համաշխարհային մասշտաբներով ներկայումս նույն մակարդակի վրա են, նույն «կլասի են», որն ընդունված է բնութագրել հայերեն «ճ» տառով: Իհարկե, կարելի է հիշել փառապանծ անցյալը, եւ բաց նամակ գրել, օրինակ, Ռուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Նիկոլայեւիչ Գանիչեւին՝ հիշեցնելով, որ դեռեւս հին շումերների սեպագիր արձանագրություններում հայ եւ ռուս գրողները մի սափորից էին օղի խմում: Բայց դա էլ, հավանաբար, չի օգնի. այս եւ բազմաթիվ այլ ոլորտների արդի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ անմրցունակ:

Կարեւորն, իհարկե, դա է, ոչ թե այս կամ այն անձը: Սակայն երեկվա «Ֆեյսբուքը» եթե նայես, ապա կարող ես տպավորություն ստանալ, որ այս հարցերը եւ դրանց հետ կապված մանր միջադեպերն ավելի կարեւոր են, քան Ղարաբաղի հիմնախնդիրը: Դեռ լավ է, որ Էդիկ Միլիտոնյանը եւ Հովիկ Հովեյանը իրենց լրատվամիջոցները չունեն, թե չէ պատկերացնում եմ՝ ինչպիսի սարսափելի բաներ էին գրվելու այդ պոետների հասցեին:

Չէ, ինչ ուզում եք ասեք՝ կայքերն ու սոցիալական ցանցերը որքան օգուտ են բերում, այնքան էլ՝ վնաս: Երեկ համացանցում պարբերաբար հայտնվում էր մոտավորապես այսպիսի վերնագիր՝ «Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան միջադեպից»: Հետաքրքիր է, 5 րոպեն մեկ այդ ի՞նչ մանրամասներ էին ի հայտ գալիս: Թե՞ ընթերցողն այնքան բթացել է, որ արդեն սկսել է հավատալ դրան: Հիշում եմ, 1992-94 թվականին մեզ այլ «մանրամասներ» էին հուզում. ամեն մեկիս տանը կամ աշխատավայրում կար Ղարաբաղի քարտեզ, որով մենք հետեւում էինք՝ որ բնակավայրերն են ազատագրել կամ երբեմն, ցավոք՝ նաեւ թողել մեր զինվորները: Չե՞ք գտնում, որ մենք մի քիչ մանրացել ենք:

Եվ ահա ես մտածում եմ, որ մեր, ընդհանուր առմամբ, անմրցունակ վիճակը ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք տուրք ենք տալիս մանր, գավառական կրքերին: Գուցե մենք էլ՝ լրատվամիջոցներս, մարդկանց  երբեմն սխալ ենք կողմնորոշում: Եթե մենք մեր առաջ մեծ՝ համաշխարհային մրցակցության առումով խնդիրներ դնենք, եթե մենք ամեն ինչ չանձնավորենք եւ «չքաղաքականացնենք» (չակերտները վերաբերում են «քաղաքականություն» բառին, որը Հայաստանում յուրահատուկ ձեւով է ընկալվում), ապա, կարող է պատահել՝ աշխարհում ավելի մրցունակ կդառնանք: Տաղանդներ մեր ժողովուրդը շատ ունի, խելք՝ ավելի քիչ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    92-94թթ, երբ մեր առջև էր Ղարաբաղի քարտեզը, մենք լուրջ, շատ լուրջ հաղթանակներ գրանցեցինք………. մի 2 տասնյակ մարդ շատ, չափազանց շատ մեծ ձեռքբերումնեևի հասան, իսկ սովորական մարդիկ մնացին ձեռնունայն… Դասեր ենք քաղել պատմությունից, մանր բաներով է պետք զբաղվել, գուցե մարդկանց ավելի շատ բան հասնի…

  2. Լևոն Մելքումյան says:

    Ախր, “դուք՝ լրատվամիջոցներդ” էլ նույն “կլասի” եք, որն ընդունված է բնութագրել հայերեն “ճ” տառով:

    Բոլորդ չէ, ի հարկե:

  3. Արմեն says:

    Հարգելի պրն. Աբրահամյան ձեր այս նյութը շատ տեղին է և իմ տեսակետից անսխալ,

    բայց դե թույլ տվեք մի փոքրիկ դիտողություն, այն էլ բարեկամաբար`

    մի քիչ անչափ մեղմ է ասված կարդանք թեկուզ թիվ 1. արձագանքը,

    այս պահին ես միայն դա եմ տեսնում ու փաստենք,

    որ ուր էր թե մի քիչ մանրացած լինեյինք:

  4. Անահիտ says:

    Մենք, ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե մի քիչ մանրացել ենք, այլ մեծ-մեծ բրդողները մեզ լավ էլ “խուրդել” են, առել ու ծախել են, որովհետև պատվի և պատասխանատվության իսպառ բացակայություն է տիրում հայոց աշխարհում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031