Այսօր «Ելակետ» ակումբում «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը խոսեց Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
«Վրաստանի այս տարվա նախագահական ընտրությունների յուրահատկությունն այն է, որ նրանց մոտ ավարտվում է քաղաքական մի կարեւոր փուլ, եւ սկսվում մեկ այլ փուլ, որը այդքան էլ չի տարբերվում նախորդից, բայց տարածաշրջանի համար շատ կարեւոր է: Սահակաշվիլին հեռանում է: Ընդգծված Արեւմուտք ձգտումը` հակադրվեց տարածաշրջանի եւ Ռուսաստանի շահերին»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ այժմ Բիձինա Իվանաշվիլին փորձում է մեղմել կուտակված լարվածությունը` Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, որն արդեն նկատելի է` «Չեմ ասի, թե լուրջ փոփոխություններ են եղել, բայց ակնհայտ է, որ լարվածությունը թուլացել է»:
Հայկազուն Ալվրցյանը նաեւ նշեց, որ նոր Վրաստանում նախագահի ընտրությամբ սպասվում է ջավախահայության հարցերի ընկալում. «Արտառոց է դառնում ինտրիգն այն տեսակետից, որ Բիձինա Իվանաշվիլին հայտարարում է, թե ինքը պիտի հեռանա վարչապետի պաշտոնից, իսկ սա նշանակում է՝ ձեւավորվելու է կառավարման մի այլ ձեւ: Նա հեռանալով իշխանությունից՝ փորձելու է կառավարել իշխանություններին, դառնալու նաեւ քննադատող: Երկակիություն է, բայց հետաքրքիր»:
Կարդացեք նաև
Հայկազուն Ալվրցյանը հավելեց, որ հայերի համար որեւէ թեկնածու ընդգծված ցանկալի չէ, բայց Ջավախքում, վիճակագրական տվյալներով, Սահակաշվիլու առաջադրած թեկնածուին են նախընտրում եւ այս մասին նույնիսկ Իվանաշվիլին է բացահայտ խոսել, ասելով, թե չի դիմի ՀՀ նախագահին խնդրանքով, որ իրեն այս հարցով աջակցի. «Հայերը Սահակաշվիլուց բացարձակ գոհ չեն եղել, այն, ինչ ասում էր նա, հիմա ասում են նաեւ այս թեկնածուները, սակայն հայտնի չէ, թե սրանց օրոք ինչ կլինի, դրա համար էլ հայերը զգուշանում են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ