«Մեքսիկայում մենք ավելի մեծամասշտաբ ու ավելի աղմկոտ ցույցերի ականատեսն ենք լինում: Դրանց հետ համեմատած երեկ տեղի ունեցածը բավականին կարգավորված ու կառավարելի բողոքի ակցիա էր»,-Aravot.am-ի հետ զրույցում Խտրականության կանխարգելման ազգային խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ, Մեքսիկայի ներկայացուցիչ Րիո Սոնիան այսպիսի կարծիք հայտնեց այն մասին, որ երեկ Երևանում խտրականության դեմ պայքարող հայ ակտիվիստները ներխուժեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան համաժողովի դահլիճ:
Այս փաստը մեր զրուցակիցը որակեց որպես ժողովրդավարության ցուցանիշ:
Այնուհետև մեքսիկացի պատվիրակը խոսեց իրենց երկրում մամուլի և մարդու իրավունքների ազատության ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներից: Նա մասնավորապես փոխանցեց հետևյալը. «Այս ոլորտում մենք տարաբնույթ խնդիրներ ունենք: Օրինակ` սոցիալական ցանցերում կարող ենք նկատել ատելության բազում դրսևորումներ` ուղղված LGBT համայնքի ներկայացուցիչների դեմ: Տարաբնույթ դրսևորումներ կան ռասիստական խոսքի արտահայտման` ընդդեմ ներգաղթյալների, որոնց թիվը Մեքսիկայում հասնում է 20 միլիոնի: Հատկապես ատելության խոսքի թիրախ են դառնում մաշկի մուգ գույն ունեցող ներգաղթյալները»:
Րիո Սոնիան նշեց. «Ատելության խոսքի թիրախ են դառնում նաև կանայք, օրինակ` նրանց մասին բազում դաժան կատակներ են պտտվոմ սոցիալական ցանցերում և այլն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ