Այսօր «Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս-2013»-ը ներկայացնելիս Ուկրաինայի «Ռենեսանս» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Կվաշուկն ասաց, որ այդ ուսումնասիրությամբ ստացել են 6 երկրների եվրաինտեգրման քայլերի համակողմանի պատկերը եւ նպատակ ունեն դրանով խթանելու մրցակցությունը այս երկրների միջեւ. «3 ուղղություններ են դիտարկվել փոխկապակցությունը, այսինքն՝ քաղաքական տնտեսական եւ սոցիալական կապերն ինչքանով են ինտենսիվ: Հաջորդ ուղղության մեջ հստակ ներկայացվում է, թե կառույցները ինչքան սերտ կարող են համագործակցել, երրորդ ուղղությունը կառավարումն է, թե ինչպես են երկրները կառավարում եվրոպական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները»:
Այս ցուցանիշներով ամենաբարձր գնահատականը ստացել է Մոլդովան, երկրորդ լավագույն երկիրը Վրաստանն է, որովհետեւ կարողացել է բոլոր երեք ուղղություններով դրական արդյունք ապահովել. «Վրաստանը կարողացել է մեծ առաջադիմություն ապահովել ընտրությունների, պետական գնումների եւ դատաիրավական համակարգի մասով: Ուկրաինան երրորդն է, այսօր քաղաքական երկխոսության ամենաինտենսիվ երկրներից է: Նա այսօր չի կարողանում օգտվել ամբողջությամբ բոլոր առավելություններից ԵՄ-ի տված: Անցած տարվա համեմատ, Ուկրաինան արձանագրել է մի փոքր անկում երկրորդ ուղղությամբ՝ այլ երկրների հետ սերտ համագործակցության հարցում»: Ինչ վերաբերում է Հայաստանին, Օլգա Կվաշուկը նշեց՝ «Հայաստանն ինչ-որ առաջընթաց կարողացել է ապահովել դեպի եվրաինտեգրում: Ադրբեջանը, Բելառուսը 5, 6-րդ տեղերում են»: Նա ասաց, որ ԵՄ-ն ըստ այս ինդեքսի աջակցություն է տրամադրում երկրներին: Ավելի շատ աջակցություն են տալիս՝ ավելի շատ ջանքերի դիմաց՝ հաշվի առնելով ընտրությունները, թափանցիկությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ