Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբեր 22,2013 13:26

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ ընդգծելով, որ հիմնախնդիրը համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում է, և այդ ուղղությամբ զգալի քայլեր են կատարվել:

Ոստիկանության պետը նշեց, որ խնդրի լուծումը պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորման և ոստիկանության գործունեության նոր սկզբունքների կիրառման հետևողականությամբ: Մասնավորապես, ոստիկանը պետք է գիտակցի, որ ինքը նախ և առաջ քաղաքացի է, սակայն՝ ավելի մեծ պատասխանատվություն ու պարտականություններ ունեցող քաղաքացի, իսկ հասարակությունը պետք է լիարժեք տեսնի ոստիկանության աշխատանքն ու օբյեկտիվ գնահատի այն:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանությունն այսօր բաց է հասարակության, քաղաքացու համար, իսկ գործունեությունը բոլոր առումներով հրապարակային է. հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցներն ու քաղաքացիները կարող են հետևել քրեական գործերի նախաքննությանն ու սեփական հետաքննություն անցկացնել: Եվ այս պայմաններում ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ: Մասնավորապես, վերջին երկու տարում արձանագրվել է նման երեք դեպք, որոնց օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել և օրինախախտ ծառայողները ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Ոստիկանության պետը հավելեց, որ հիմնախնդրի լուծմանն անկասկած կնպաստի Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որի անդրանիկ նիստը տեղի կունենա օրերս: Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հասարակական միավորումների ներկայացուցիչներ, կոչված է ապահովելու ոստիկանության գործունեության առավելագույնս պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն ու վերահսկողություն՝ բացառելով ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները: Կարգապահական հանձնաժողովի ստեղծումն աննախադեպ քայլ է ԱՊՀ երկրներում և բարձր գնահատականի է արժանացել վերջերս Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած Ստրասբուրգի կոնֆերանսում:
Ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերն ու ծրագրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանությունն ակնկալում է եվրոպական հեղինակավոր կառույցների օգնությունը, մասնավորապես՝ իրավիճակի ճիշտ վերլուծության ու գնահատման առումով, և անընդունելի է, երբ համապատասխան զեկույցներում տեղ է գտնում հնացած կամ չճշտված տեղեկատվություն, ինչը ոչ միայն աղճատում է իրական պատկերը, այլև ոստիկանության հանդեպ անվստահության առիթ է դառնում:

Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ ոստիկանության ղեկավարության համար ավելի տեսանելի են առկա խնդիրներն ու թերացումները և դրանց լուծմանն ուղղված գործողություններ են կատարվում, որոնք ավելի արդյունավետ կլինեն եվրոպական հեղինակավոր կառույցների աջակցության դեպքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիեկսը կարևորեց հակազդումը մարդու իրավունքների խախտումներին և ընդգծեց այդ ոլորտում անկախ հանձնաժողովի դերն ու նշանակությունը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձավ նաև քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի և կանանց դեմ բռնությունների գործերով քննության ընթացքին:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հիշյալ դեպքերից չորսն արդեն բացահայտված են, ինչի մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվել է, և հավաստեց, որ մյուս դեպքերը նույնպես կբացահայտվեն: Ոստիկանության պետը հավելեց նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ ինչ-ինչ կազմակերպություններ կամ անհատներ ահազանգում են սպառնալիքների մասին, իրենք էլ գիտենալով, որ դրանք իրական չեն:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունն այսօր հրաշալի գիտի իր իրավունքները, և ոստիկանները պարզապես չեն կարող կամայականություններ թույլ տալ, առավել ևս՝ ոստիկանության ղեկավարությունը հետևողական է նման դեպքերը բացառելու հարցում, իսկ բարեփոխումներն ուղղված են իրավիճակի արմատական փոփոխությանը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը շնորհակալություն հայտնեց սպառիչ տեղեկատվության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կշարունակվի ու կխորանա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031