Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Կասկած չունեմ, որ շատ մոտ ժամանակներում Հայաստանը հետ է գալու դեպի Եվրոպա»

Հոկտեմբեր 22,2013 13:23

Այսօր ներկայացվեց «Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս-2013»-ը, ըստ որի, եվրաինտեգրման հարցերով Հայաստանը 6 երկրներից 4-րդ տեղն էր զբաղեցնում:

Խոսելով ինդեքսի մասին՝ ԵՄԱ փորձագետ Արեւհատ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրությունները կատարելիս դիտարկվել են հիմնականում այս հարթությունները՝ ընտրություններ, ԶԼՄ ազատություն, հավաքների ազատություն, մարդու իրավունքներ, պայքար կոռուպցիայի դեմ, հաշվետվողականություն: Նրա խոսքերով՝ «Երբ խոսում ենք ԶԼՄ-ներում առաջընթացի մասին, որ ժողովրդավարական կառույցներից է համարվում, դատական համակարգում առաջընթացի մասին ենք խոսում, շատ վերապահմամբ ենք դրան վերաբերում: Բարելավումը 0.03 միավորով է, առանձնապես մեծ բարելավում չէ, բայց գոնե տենդենցների իմաստով բարելավում է: Բացի այդ, ԶԼՄ-ների դեմ զրպարտությունների եւ վիրավորանքների հայցերի կտրուկ նվազումը ինքնըստինքյան անդրադառնում է դատական համակարգերի առաջընթացի վրա էլ, այսինքն՝ երկու ցուցանիշներն են բարելավում»:

Արեւհատ Գրիգորյանը նշեց, որ հարցերի մեջ նրբերանգներ էլ կան, որոնք բոլորը չէին կարող հաշվի առնել. «Օրինակ, մեդիաների հետ կապված ասում ենք, որ ընտրությունների ժամանակ հեռարձակվող լրատվամիջոցները կատարել են հավասարակշռված լուսաբանում, հավասար հնարավորություններ են տվել թեկնածուներին, բայց կան նրբերանգներ՝ արդյո՞ք կայուն եւ հետեւողական է եղել լուսաբանումը, դա եղել է միայն նախընտրակա՞ն շրջանում, թե՞ դրանից հետո էլ ընկած ժամանակահատվածում»:

«Գլոբալիզացիայի եւ տարածարջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը հարցին՝ թե ինչով է կարեւոր այս ինդեքսի հրապարակումը, երբ արդեն Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու մասին՝ պատասխանեց. «Շատ կարեւոր է: Կասկած չունեմ, որ շատ մոտ ժամանակներում Հայաստանը հետ է գալու դեպի Եվրոպա: Մաքսային միության էությունը շատ արագ կպարզվի, դա կայացած միություն չի, Հայաստանը հետ է գալու, ուստի կարեւոր կլինի այդ արձանագրված ցուցանիշները նորից վերանայել: Ֆիքսումը շատ կարեւոր է, թե ինչի մենք հասանք Մաքսային միության այդ անազատ առեւտրի գոտում եւ ինչի հասանք դեպի ԵՄ ազատ առեւտրի գոտի գնալով»:

Նա նշեց, որ Հայաստանում նորից կարծրատիպերը ամրացան, թե ռուսը մեր բարեկամն է, թուրքը՝ թշնամին, որ դուրսն էր մեղավոր մեր դժբախտություններում. «Բոլորը մեղավոր են, այդ թվում նաեւ Եվրոպան, ո մեզ շատ փող չտվեց: Այդ կարծրատիպերը նորից ուժեղացան եւ դա թուլացնում է պետությունը: Դա սեպտեմբերի 3-ի արդյունքն է, սուվերենությունդ տալիս ես ռուսական ցարին»:

Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ Զորի Բալայանի օրինակով նորից նամակներ կլինեն: Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթաժողովին, նա կանխատեսեց, որ այնտեղ ոչ մի բան էլ Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ համագործակցության առումով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031