Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության փոխնախագահ, կոմպոզիտոր Դմիտրի Առաքելյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարին նույն սցենարը կլինի, ինչ գրողների միությունում էր՝ հայհոյանքներ, ոչ ստեղծագործական կրքեր ու փոխադարձ վիրավորանքներ:
Պարոն Աառքելյանը նշեց, որ չի կարծում թե բանը կհասնի հայհոյանքներին:
«Այդ վիճակի չեն հասնի, ճիշտ է մինչեւ համագումարը որոշ ոչ ընդունելի նախադասություններ եղել են, բայց հայհոյանքի չեն հասել, չեմ կարծում, թե դա տեղի կունենա: Ինչ վերաբերում է գրողների միությանը, այնտեղ կարծես ամեն ինչ խաղաղ էր՝ հատկապես Լեւոն Անանյանի ընտրվելուց հետո, եւ հանկարծ միանգամից պայթյուն եղավ: Պատճառը գուցե տարիների կուտակումներ էին»,- ասաց Կոմպոզիտորների միության փոխնախագահը զուգահեռ տանելով իրենց եւ գրողների միությունում իրավիճակների միջեւ:
Մեր դիտարկմանը, որ իրենց պարագայում էլ առանձնապես խաղաղ չէ, Ռոբերտ Ամիրխանյանի ընդդիմախոսները ասուլիսներ են տալիս, քննադատում գործող նախագահին, Դմիտրի Առաքելյանը պատասխանեց. «Բայց մեզ մոտ ամեն ինչը բացահայտ է, հետո , չեն հասել հայհոյանքի: Այդ ամենը բացատրվում է նրանով, որ մեզ մոտ ամեն ինչը հրապարակային է, իսկ գրողների միության դեպքում տեղային էր»:
Շեշտելու համար թե որքան հրապարակային են անցկացնելու կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունը, պարոն Առաքելյանն ասաց, որ Ռոբերտ Ամիրխանյյանի որոշմամբ, այն կկայանան հոկտեմբերի 26-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. «Մենք մտածել ենք ինչպես անել, որ ոչ մեկի չվիրավորենք:
Մեր միության դահլիճում ընդամենը 120 տեղ ունենք, եւ գրեթե 100 պատգամավոր, եթե հյուրեր էլ գային, աշխատելու հնարավորություն չէր լինի, ուստի շատ խելամիտ բան է մտածել Ամիրխանյանը: Մեր համագումարը կկայանա «Արամ Խաչատրյան» դահլիճում եւ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համագումարին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ