Վիլնյուսի գագաթնաժողովում պարզ կլինի Եվրամիության հետ ինչ փաստաթուղթ կստորագրենք
«Մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, փաստաթղթի անունը դեռ չեմ կարող ասել, որովհետեւ մենք քննարկումների փուլում ենք»,-այսօր Անի հյուրանոցում կազմակերպված ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստին այսպես ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանելով հարցին, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիության հետ ինչ-որ բան ստորագրվելո՞ւ է, կլինի՞ այլ փաստաթուղթ որով կշարունակվի Եվրամիության հետ համագործակցությունը: Նախարարը վստահեցնելով, որ Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ այսօր բարձր մակարդակի վրա են, ասաց, որ նիստի ընթացքում քննարկվելու են ինչպես առեւտրաարդյունաբերական հարցեր, այնպես էլ քաղաքական. «Նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր, մասնավորապես՝ մեր հարաբերությունների ապագա զարգացման վերաբերյալ հարցեր կքննարկվի: Ինչպես արդեն մի քանի անգամ ասվել է, մենք ներկայումս քննարկումներ փուլում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի գտնենք համագործակցության առավել արդյունավետ շրջանակը»:
Նիստի, որին ներկա էին ոստիկանության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններից, քննարկումների մասը փակ էր եւ միայն մասնակիցներն իրավունք ունեին ներկա գտնվելու:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի խոսքերով էլ,
«Շատ կոնկրետ ժամանակահատված է հիմա Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ մենք այստեղ ենք քննարկելու բոլոր հարցերը, եւ շատ կարեւոր է, որ քննարկվի նաեւ Մաքսային Միությանն անդամակցելու հարցերը: Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նշված հարցերը, բայց մանրամասները կքննարկվեն Վիլնյուսում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ առաջարկների եք սպասում, պարոն Վիգանդին պատասխանեց. «Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ձեր իշխանություններին, դա ավելի մանրամասն կքննարկենք Վիլնյուսի գագաթաժողովից հետո, բայց վերջին զարգացումներից հետո մենք որոշակիորեն կքննարկենք ընթացքը, ավելի կշեշտադրվեն համագործակցության ոլորտները: Մենք վճռական ենք Հայաստանի հետ համագործակցել մեր խորը համագործակցության հարցում, բայց պետք է նաեւ հաշվի առնվի Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»: Այն դիտարկմանն էլ, թե Հայաստանը չի բացառում, որ Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրվի, պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ համագործակցությունը կշարունակվի, իրականում Վիլնյուսում հնարավոր է նաեւ քննարկվեն նմանատիպ հարցեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ