«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այս պահին խորհրդարանում է: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ խմբակցության մյուս անդամների հետ խմբակցության ղեկավարի սենյակում նրանք փոքր քննարկում արեցին, ինչից հետո Հակոբյանը բարձրացավ նիստերի դահլիճ`գրանցվելու:
Aravot.am-ի հարցին`ի վերջո, ո՞րն է իր որոշման պատճառը, պարոն Հակոբյանն ասաց, որ այն ամենն ինչ երեկ ասել է, այս պահին հավելելու ոչինչ չունի: Ավելի ուշ, ասաց, որ մեկնաբանություններ հետո կանի:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ինքը խոսել է Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հետ, բայց կլսի նաեւ պարոն Հակոբյանին, որպեսզի կարողանա հստակ պատկերացում կազմել եւ դիրքորոշում հայտնել: «Այն, ինչ ասել է տիկին Փոստանջյանն, այս պահին ինձ համար ինֆորմացիա է, որպեսզի լիարժեք մեկնաբանություններ տամ, կսպասեմ, որ պարոն Հակոբյանի հետ է խոսեմ»,- ասաց նա: Հարցերն`արդյոք խնդիրը Հակոբյանի եւ Փոստանջյանի միջեւ է, կամ Հակոբյանը չի կարողանում ղեկավարել խմբակցությունը, միգուցե Ստրասբուրգյան հայտարարություններից հետո համաձայնության չեն եկել`նույն պատասխանին արժանացան. «Որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել, մինչեւ ամբողջական պատկերացում չկազմեմ»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Հակոբյանի այդ որոշումն իրենց համար անակնկալ էր այնքանով, որ կուսակցության վարչությունում խմբակցության հետ կապված որեւէ հարց չի քննարկվել: Մեկ այլ հարցի`միգուցե Հակոբյանը չի կարողանում Փոստանջյանին կառավարել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Տիկին Փոստանջյանին ղեկավարելու կամ չղեկավարելու խնդիր գոյություն չունի: Պատգամավորներ են, իրենց լիազորություններով, իրենց աշ խատաոճով: Բացարձակ ղեկավարելու խնդիր գոյություն չունի: մեր բոլոր պատգամավորները, անկախ նրանից թե ո՞վ է եղել ֆրակցիայի ղեկավարը, իրենց ազատությունից ամբողջովին օգտվել են եւ ֆրակցիայի ղեկավարն ընդամենը մեզ մոտ համակարգող է եղել եւ ոչ հարյուր տոկոսանոց վերջնական խոսք ասող անձնավորություն»:
Մարտիրոսյանը նաեւ հերքեց այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իբր հայտարարել է, թե 2014 թվականին կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չի խոսել եւ չգիտի`վերջինս տեղյա՞կ է խնդրից, բայց ենթադրում է, որ նա էլ մամուլից պետք է որ տեղեկացած լինի: Մարտիրոսյանը նաեւ չի կարծում, որ ինքն ինչ-որ մեկի փոխարեն ԱԺ-ում կհամալրի խմբակցության կազմը: Նա ասաց, որ չի կարող մեկնաբանություններ տալ նաեւ այն հարցին, որ Հակոբյանը հնարավոր է վիրավորված է որ ստրասբուրգյան իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջովին սատարել է Փոստանջյանին. «Հակոբյանը կասի`նման վիրավորվածություն ինքն ունի՞, թե`ոչ»: Ինչ մնում է Փոստանջյանին սատարելուն, Մարտիրոսյանը գտնում է, որ իրենք պետք է սատարեին իրենց գործընկերոջը`անկախ նրանից հարցն իրենց դուր գալիս է, թե`ոչ, մանավանդ, որ Փոստանջյանը քաղաքական հարցադրում է արել, ինչի իրավունքն ունի Սահմանադրությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ