Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո կեսկատակ-կեսլուրջ ենթադրել էինք, թե մոտ ապագայում, երևի, մի ուրիշն էլ նոր նամակ կգրի՝ խնդրելով անպայման կարդալ Զորի Բալայանի նամակը եւ դրանում շարադրված փաստերի հետ հաշվի նստել։ Պարզվեց՝ իզուր էինք հեգնում, հենց այդպես էլ եղավ։ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հայկ Քոթանջյանը դիմել է միանգամից ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներին՝ խնդրելով հաշվի առնել Զորի Բալայանի նամակում շարադրված փաստերը ղարաբաղյան խնդրի շուրջ կայացվելիք որոշումներում։
Հարցի հոգեբանական կողմը դեռ հանգիստ թողնենք, թեեւ բոլորն էլ գիտեն, որ խնդրողներին որեւէ մեկը չի հարգում, մեծ քաղաքականության մեջ էլ խնդրագրերը որեւէ դեր չեն խաղում։ Հայկ Քոթանջյանի ասածի հիմնական իմաստը հետեւյալն է՝ «հարգելի նախագահներ, խնդրում ենք ղարաբաղյան կարգավորման հարցում հաշվի առնել պատմական արդարությունը եւ մեզ համար նպաստավոր որոշում կայացնել»։ Լավ, ենթադրենք՝ երեք նախագահները կարդացին նամակը, հոնգուր-հոնգուր լաց եղան եւ իսկույն խնդրի կարգավորման խիստ հայանպաստ տարբերակ աոաջարկեցին։ Բայց ադրբեջանական կողմը պարզապես կմերժի դա, եւ վերջ։ Եվ ի՞նչ, հիմա էլ պիտի մի քանի նոր նամակներ գրենք ու պահանջենք, որ միջազգային հանրությունը գա եւ ծեծի՞ Ադրբեջանին։ Բայց միջազգային հանրությունից (տվյալ դեպքում՝ Մինսկի խմբից) նման բան պահանջելով՝ մենք դրանով իսկ ընդունում ենք, որ նրանք մեզ «ծեծելու» իրավունք նույնպես ունեն։
Իսկ Մինսկի խումբն, ի դեպ, իր գոյության 21 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման տասնյակ տարբերակներ է առաջարկել, եւ բոլոր այդ տարբերակներով, առանց բացառության, նախատեսված է եղել հայկական զորքերի դուրսբերումն ազատագրված առնվազն վեց շրջաններից։ Ավելին՝ այդ տարբերակներից ոչ մեկով Ղարաբաղի լիակատար անկախություն նախատեսված չի եղել։ Այսինքն՝ այնպես չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները (այդ թվում՝ Ռուսաստանը) քսանմեկ տարի շարունակ աշխատել են ինչ-որ ուղղությամբ, եւ հիմա, ինչ-որ մեկի բաց նամակը կարդալով պիտի վերանայեն իրենց դիրքորոշումը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև