«Իրատես de facto»-ի զրուցակիցն է Եվրազէսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով գիտական խորհրդի բյուրոյի անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ
– Հայաստանում Մաքսային միությանն անդամակցելու նախագահի հայտարարությունը միանշանակ չընդունվեց, հնչեցին և բավական բարձրաձայն դեմ ձայներ։ Որոշումը պայմանավորվեց առաջին հերթին անվտանգությամբ։ Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը պաշտպանել Հայաստանը և ո՞ւմ սպառնալիքից։ Ադրբեջանի՞, ում ինտենսիվ զինում է Ռուսաստանը, Թուրքիայի, ում հետ փակ է սահմանը, Իրանի՞, ում հետ ջերմ հարաբերություններ ունենք, Վրաստանի՞, ով ապահովում է հիմնական ցամաքային կապը աշխարհի հետ։ Ումի՞ց այդքան պետք է վախենանք։
– Հայ հասարակության մեծ մասը հայտարարությունը լավ ընդունեց, ես տեսել եմ «Ինտեգրացիա և զարգացում» կենտրոնի կատարած հարցումները, որոնց համաձայն՝ բնակչության 86 տոկոսը կողմ է ՄՄ-ին անդամակցելուն, 75 տոկոսը մերձավոր դաշնակից տեսնում է Ռուսաստանին։ Հասարակության տրամադրություններն են նախագահին նման որոշում ընդունելու մղել։ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանությամբ, որովհետև իրադրությունը լարված է և Կենտրոնական Ասիայում, և Փոքր Ասիայում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը չի ցանկանում կտրուկ քայլեր կատարել գլոբալ խաղացողների ներգրավման ուղղությամբ, որովհետև ձևաչափի փոփոխությունը հայտնի չէ ինչի կհանգեցնի, իսկ Ռուսաստանը պետք է կատարի պարտավորությունները։ Զենքի վաճառքը հաստատում է, որ կան օլիգարխիկ շահեր, որոնց համար բիզնեսը ամենակարևորն է։ Ռուսաստանը պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի գծով, ես պատճառներ չեմ տեսնում, որ հրաժարվի իր պարտավորությունները կատարելուց։
– Ղազախստանն էլ ՀԱՊԿ անդամ է, բայց նախագահի մակարդակով քանիցս հայտարարում է, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով՝ ԼՂՀ-ն ադրբեջանական տարածք է։
– Կա հռետորաբանություն, կա իրականություն։
– Ինչի՞ն հավատա միջին վիճակագրական քաղաքացին։
– Ես կարծում եմ, որ նախագահ Նազարբաևի օրոք կտրուկ քայլեր չեն լինի, երբեմն կարելի է նման հայտարարություններ անել, որոնք որոշակի ենթատեքստ ունեն։ Իրականությունը կախված է ոչ Ադրբեջանից, ոչ Ղազախստանից, բոլորն էլ դա հասկանում են, բիկֆորդյան քուղը վառելը կարող է գլոբալ պայթյուն հարուցել։ Ո՞ւմ է պետք։ Հաստատ ոչ Ադրբեջանին, ոչ Ղազախստանին։ Ադրբեջանին հիմա ավելի ձեռնտու է տարածքի ինչ-որ մասեր գնելը, քան ռազմական գործողություններ վարելը։ Ընթացիկ իրավիճակում՝ մեկ սերնդի մասշտաբով, պետք չէ այդքան սուր արձագանքել նմանատիպ հայտարարություններին, որ հնչում են նախընտրական շրջանում կամ կոնկրետ ինչ-որ դեպքի առնչությամբ։
– Ինչպե՞ս եք տեսնում բանակցային գործընթացը Մաքսային միության մեջ, եթե Հայաստանը ցանկանա լինել Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից, այլ ոչ թե հետո միանալ գործող կառույցին։
– Բավարար ժամանակ կա, եթե մենք 2014-ի ավարտին այդ մասին խոսեինք, զուտ ձևական կլիներ։ Եվրասիական միությունը հիմնադիր հասկացություն չունի, բոլորը հավասար են իրենց իրավունքների մեջ։
– Բայց կառույցը արդեն ձևավորվում է, Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ստեղծված, վերջերս ռուս խորհրդարանականները խոսում էին նաև Եվրասիական խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մտադրության մասին։
– Գլխավորը փոխգործակցությունից որոշակի արդյունքներ ստանալն է, այդ պատճառով էլ կարևորը սեփական բիզնես-պլան ունենալն է, հնարավոր ներդրողների հետ պայմանագրեր ստորագրելը, նախագծերին մասնակցելը, առաջարկներ անելը, իսկ թե այդ ամենը ինչ ձևաչափով կկատարվի՝ ՄՄ-ի, թե Եվրասիական միության, այնքան էլ էական չէ։
– Ի՞նչ է անհրաժեշտ աբխազական երկաթուղին վերաբացելու համար, ո՞վ կարող է աշխատեցնել այդ թափանիվը։
– Ռուս չինովնիկների համար երկու տեսակետ է գերակա, առաջինը՝ աշխատենք արագ֊-արագ, ՄՄ-ն ստեղծենք, բոլորին ներգրավենք, երկրորդը՝ մենք ոչինչ չենք անելու, առաջարկեք ձեր գաղափարները և առաջ մղեք։ Ռուսական կողմն ընդառաջ կգա, կարող են ինչ-որ հարցեր լինել, Ղազախստանը կտրտնջա, Բելառուսը բողոքներ կունենա, Հայաստանը Ռուսաստանի փորձագիտական խմբերի, կառավարության աջակցությունը միշտ կունենա։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում