«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան երկօրյա համաժողովի ընթացքում, որը մեկնարկեց երեկ, այսօր քննարկվեցին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ատելության խոսքի և կարծրատիպերի տարածման դատապարտմանն առնչվող հարցեր:
Շվեդիայի դեսպան Քարլ Հենրիխ Էհրենկրոնը իր ելույթում կենտրոնացավ քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարի հարցերի վրա: Նա առանձնացրեց համացանցում ատելության խոսքի մի շարք օրինակներ. «Բոլոր ներգաղթյալներն իրենց հետ հանցագործություն են բերում մեր հասարակություն», «Նեգրերն ավելի հիմար են, քան սպիտակամորթները»:Այս համատեքստում նա «գծեց» այն կարմիր գիծը, որը չպետք է հատի ազատ խոսքը ու մանրամասնեց. «Միշտ ճիշտ չէ ասել այն, ինչ ցանկանում ես, քանի որ մի շարք վտանգներ կարող են ծագել ատելության խոսքից»:
Դեսպանը բարձրացրեց ատելության խոսքի տարածման, անձին նրա մաշկի գույնի, սեռական կողմնորոշման պատճառով նսեմացնելու փորձերը քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի դեսպան Հարում Սագլամը խոսեց այն գործիքների մասին, որոնք հնարավորություն են տալիս պայքարել ընդդեմ ատելության խոսքի. «Կարծում եմ, որ ԵԽԽՎ Նախարարների խորհրդի ընդունած 20/97 բանաձևը մի շարք միջոցներ է տրամադրում պայքարելու ատելության խոսքի դեմ: Պետք է նաև պարզել ատելության խոսքի առաջացման ակունքները: Դրանք հիմնված են տնտեսական, մշակութային սոցիալական խնդիրների վրա»:
Իռլանդիայի դեսպան Փիթեր Քաննինգը նշեց այն բացասական հետևանքները, որոնք կարող է բխել ոչ պրոֆեսիոնալ լրագրության աշխատանքի արդյունքում և հավելեց. «Գուցե ժամանակն է եկել օգտագործելու այն բոլոր գործիքները, որ կան մամուլի ազատության վերահսկողական մեխանիզմների ապահովման առումով: Հրատապ է խոսքի ազատության խնդիրը, բայց ոչ պակաս հրատապ են նաև դրա վերահսկման հարցերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ