Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ռուսաստանը թեկուզ ակնարկ արե՞լ է, որ պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը»

Հոկտեմբեր 22,2013 11:24

Հատված ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ հարցազրույցից

– Քաղաքական գործիչներից մեկը Զորի Բալայանի այս քայլը կապեց Մաքսային միություն մտնելու՝ իշխանության որոշման հետ, և կարծիք հայտնեց, թե դրա հիմքը ստեղծելու համար անհրաժեշտ էր «ուռռա»–ներ հնչեցնել Ռուսական կայսրության հանդեպ և խնդրագիր ներկայացնել «ռուսաց կայսրին», ինչն արեց Զորի Բալայանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Գնում-խնդրագիր ենք ներկայացնում, որ ի՞նչ ստանանք։ Ռուսաստանը երբևէ իր հայտարարություններով թեկուզ ակնարկ արե՞լ է, որ պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ Ռուսաստանը մշտապես խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, Ռուսաստանն այսօր զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանի Հանրապետությանը՝ դրանով կասկածի տակ դնելով իր՝ չեզոք միջնորդի կարգավիճակը։ Նման հարցեր կարելի էր քննարկել, եթե ՌԴ-ի կողմից ինչ-ինչ գործընկերային առաջարկներ լինեին, բայց Ռուսաստանն այսօր մեզ ընկալում է՝ որպես ոչ անկախ պետություն, իր չինովնիկներն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք նվաստացուցիչ են Հայաստանի Հանրապետության համար։ Ես ողջ կյանքս պայքարել եմ Հայաստանի անկախության համար, և Մաքսային միությանն իմ դեմ լինելը պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ դա սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, դա հակասում է մեր Սահմանադրությանը։ Քավ լիցի, մեր հարևանների, մեր բարեկամների հետ ցանկացած պայմանագրային հարաբերություններ ողջունելի են, բայց դրանք պետք է չարվեն՝ ի վնաս մեր պետականության։ Այստեղ ես լուրջ վտանգներ եմ տեսնում, սա քաղաքական մեծ նախագիծ է, որը, վստահ եմ, ապագա չունի, հատկապես այն պատճառով, որ սա պարտադրված որոշում է։ Իսկ պարտադրված միությունները երկար չեն գոյատևում։ Ցավալի է, որ սա որոշակիորեն արգելակեց մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, բայց հուսանք, որ դրանք կվերսկսվեն։

– Այսպիսով, Զորի Բալայանի մոտեցումների նկատմամբ հիմնականում բացասական վերաբերմունքը Ձեզ թույլ տվե՞ց եզրակացնել, որ ներկա հասարակության գոնե մի զգալի մասն անկախական է։

– Հրաշալի է, որ կարծիքներ են հնչում, ես ընդհանրապես ցանկացած հարցում բանավեճի կողմնակից եմ, բայց ինձ թվում էր, որ այդ բանավեճն արդեն փակ է՝ դեռևս 1988 թվականից։ Եվ նման նամակներին ամենափայլուն ընդհանրական պատասխանը տվել էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, և նա էլ այդ հոդվածում ձևակերպել էր երրորդ ուժի բացառման այն տեսլականը, որն այն ժամանակ մենք ունեինք, երբ պատկերացնում էինք անկախ Հայաստանը։ Լավ է, որ այսօր մարդիկ զգում են՝ ինչ փխրուն է մեր անկախությունը, և ինչպիսի ռազմավարական բարեկամ ունենք, որի յուրաքանչյուր ոչ զգույշ շարժումը կարող է ուղղակի կործանարար լինել մեր պետականության համար։

Մենք ունենք երիտասարդ պետականություն, և որքան շատ Հայաստանի անկախության օգտին ձայներ հնչեն, այնքան հասարակության ներսում ավելի լուրջ կլինի քննարկումը։ Մենք պետք է ներկայացնենք ցանկացած հարցի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը և ահազանգենք, որ այսօր վտանգված է Հայաստանի անկախությունը։

Գիտեք, ես ընդհանրապես չեմ սիրում մեջբերումներ անել, բայց Բենջամին Ֆրանկլինը ժամանակին շատ լավ ձևակերպում է տվել, և սա մեջբերում չէ, այլ գրքերից մեկի նախաբանը՝ «նա, ով պատրաստ է ազատությունը զիջել հանուն անվտանգության, արժանի չէ ո՛չ ազատության, ոչ անվտանգության»։ Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը։ Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն։ Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ։ Ամեն ազգ իր անկախության համար մաքառումների, տառապանքների ճանապարհ է անցել և զոհեր է տվել, և այս հարցում չկա բացառություն։ Մենք էլ պետք է տանք այն զոհերը, որոնք անհրաժեշտ կլինեն մեր պետությունը պահպանելու, փայփայելու և հզորացնելու համար։ Նման ստրկամտությունն ինձ համար անընդունելի է։

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031