Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարել են տուժողի տուն, ներկայացրել, թե նա իրեն կողոպտողն է, ապա կատարել են «ճանաչում» քննչական գործողությունը

Հոկտեմբեր 22,2013 10:28

Արմավիրի մարզի ՀՔԾ քննիչ Ա.Մարտիրոսյանի վարույթում է քննվում կողոպուտի փաստով հարուցված թիվ 57111413 քրեական գործը, որը մինչ այդ գտնվել է Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Է.Բաբայանի վարույթում: Տվյալ գործով մեղադրյալ է ներգրավվել Երևանի բնակիչ Վահագն Արտաշեսի Ղազարյանը ՀՀ քր.օր-ի 176 հոդ.1-ին մասով, ՀՀ քր. օր-ի 176 հոդ. 2 –րդ մասի 2 –րդ կետով և ՀՀ քր.օր-ի 176 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով հանցանք կատարելու համար:

Վահագն Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ամալյա Ավագյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, իր պաշտպանյալի խափանման միջոցը այլ միջոցով` ստորագրություն չհեռանալու մասին, փոխելու խնդրանքով:

Պաշտպանը տեղեկացրել էր գործի նախապատմությունը: Ըստ գործի նյութերի, այս տարվա հունիսի 23-ին ժ.14:10-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայի 12 շենքի մոտ կայանած «Մերսեդես c 240 » 22uu 806 պետհամարանիշի ավտոմեքենայում նստած , Նաիրա Վարդանյանից Վ.Ղազարյանը «բացահայտ հափշտակել» է 565.000 ՀՀ դրամի ոսկե շղթան:

Մեկ այլ դրվագով էլ, դեպքից մեկ օր առաջ նա Աստղիկ Բարսեղյանի պարանոցից պոկել էր եւ «բացահայտ հափշտակել» էր զգալի չափերի` 100 հազար դրամի արժողության պարանոցի շղթան: Նախաքննության մարմինը մեկ տարի առաջ էլ կատարված գողությունը` «Արմ Աստղ» հացատան մոտակայքում Թաիրով գյուղի բնակչուհի Ռուզաննա Երանյանի պարանոցի ոսկե շղթայի, նույնպես վերագրել էր Վ.Ղազարյանին:

Փաստաբան Ամալյա Ավագյանը գլխավոր դատախազին ուղղված նամակում հայտնում է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա»:

Նա նշում է Եվրոպական դատարանում ավարտված Բարանովսկու վերաբերյալ և «Ջեսուսն ընդդեմ Լիտվայի» գործերերը, որով ըստ փաստաբանի, « Դատարանը կրկնում է, որ կալանավորի կարգավիճակը կանոնակարգող հստակ նորմերի բացակայության պատճառով՝ անձին առանց իրավական հիմքի կալանքի տակ պահելու պրակտիկան, որի արդյունքում անձը կարող է առանց դատական թույլտվության`ազատությունից զրկվել անսահմանափակ ժամանակով, չի համապատասխանում իրավական հստակության և կամայականությունից պաշտպանվելու սկզբունքներին,որոնք հանդիսանում են Կոնվենցիայի և իրավական պետության ընդհանուր գաղափարները»:

Փաստաբանը հայտնում է, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել և «ենթադրյալ տուժողների հետ առերես հարցաքննություններին ամբողջովին հերքել է մեղադրանքը, և հարցադրումներով ապացուցել, որ տուժողները իրեն զրպարտում են ու այլ անձի փոխարեն իրեն են մեղադրանքի թիրախ դարձրել»:

Պաշտպանը տեղեկացնում է, որ Վ.Ղազարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից բողոք է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին, իրեն անօրինական, անմեղ լինելու պարագայում ազատազրկելու համար, խնդրելով նրանց հսկողություն իրականացնել այս քրեական գործի քննության նկատմամբ:

Նախաքննության հետ կապված մենք նույնպես տեղեկացրել էինք, որ այս գործով պաշտպանական կողմը հարցումներ էր կատարել «Գրանդ տոբակո» ընկերությանը, որտեղ Ղազարյանն աշխատել է, որպես ֆիլտրի արտադրամասի մեքենավար կարգավորող: «Համաձայն «Գրանտ Տոբակո » ՀԿ ՀՁ ՍՊԸ 14.08.2013 թ. թիվ Ե-352 գրության, պաշպանության կողմին է տրամադրվել «Գրանտ Տոբակո» ընկերության աշխատակից Վահագն Ղազարյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 23 , 26, 27-ին ընկերության մուտքի և ելքի տեսաձայնագրությունները և համակարգչային տվյալները: Համաձայն այդ տեսագրության «Ս.թ. հուլիսի 26-ին երեկոյան և հուլիսի 27-ին առավոտյան Վ.Ղազարյանը եղել է չսափրված»: Մինչդեռ ըստ պաշտպանի, տուժողի կողմից քննությանը ներկայացված հուլիսի 26-ի տեսաձայնագրության անձը սափրված է և «դժվար թե մեկ գիշերվա ընթացքում մարդու երեսը մազածածկվի»:

Գլխավոր դատախազին պաշտպանը տեղեկացնում է, որ 04.04.2012թ.-ի դրվագով ` ավելի քան մեկ տարի առաջ կատարված դեպքով Վ.Ղազարյանին «հանդիսավոր կերպով» տարել են տուժողի տուն և ներկայացրել, որ նա իրեն կողոպտողն է, ապա բերելով քննիչի մոտ կատարել են «ճանաչում» քննչական գործողությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031