Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են 300 հազարից 1 մլն դրամ կենսաթոշակ ստանում Հայաստանում

Հոկտեմբեր 22,2013 10:15

Ընդհանրապես, թե ինչո՞ւ են Հայաստանում «մի խումբ» մարդիկ մի ամբողջ կարողության չափ թոշակ ստանում, երբ հարյուրհազարավոր թոշակառուներ ստանում են տասնյակ, շեշտում ենք` տասնյակ անգամ ցածր կենսաթոշակ, երբ միջին կենսաթոշակը Հայաստանում 30 հազար դրամ է, պարզապես անհասկանալի է: Ովքե՞ր են այդ մի խումբ թոշակառուները, քանի՞սն են նրանք, ի՞նչ գումար է վճարվում պետական բյուջեից «վերին արտի ցորեն» թոշակառուների համար, ինչո՞ւ նրանք, ի տարբերություն մյուսների, այդքան թոշակ պետք է ստանան, եւ ինչո՞ւ այդ թոշակները դեռ պետք է աճեն, թեկուզ «ավելի ցածր» տեմպով:

Առիթ ունեցել ենք գրելու դատավորների մի քանի հարյուր հազար դրամ կազմող աշխատավարձերի անհեթեթության մասին, որը դարձյալ տասնյակ անգամներով գերազանցում է Հայաստանի միջին աշխատավարձի չափը: Աշխատավարձերի նոր սանդղակը կոչված է կարգավորելու այս հարցը, սակայն արտոնյալ կենսաթոշակառուների խնդիրը շարունակում է խիստ բացասական մթնոլորտ ստեղծել, որն ի չիք է դարձնում սոցիալական իրավիճակի բարելավման ուղղությամբ իշխանությունների քայլերի դրական ազդեցությունը:
Մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչո՞ւ իրենք 40 տարի կարող են աշխատել քիմիական գործարանում, վտանգելով առողջությունը, ստեղծել նյութական արժեքներ, կամ լինել զինվորական եւ պաշտպանել հայրենիքը` վտանգելով կյանքը, կամ վաստակաշատ մանկավարժ լինելով` սերունդներ դաստիարակել ու կրթել, սակայն ստանալ 30 հազար դրամ թոշակ, իսկ իրենց կողքին մի խումբ մարդիկ` 1 մլն դրամ թոշակ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան մեր վերոնշյալ հարցերի, մեզ տրամադրեց պարզաբանումներ, որոնք բավականին հետաքրքրական են:
Նախկին նախագահները եւ… կրկին դատավորներն ու դատախազները
Նախարարության պատասխանից տեղեկացանք, որ բարձր թոշակ ստացող վերին «կաստայի» մեջ ընդգրկված են ՀՀ նախկին նախագահները եւ, ինչպես աշխատավարձերի դեպքում էր, դարձյալ մեր «անկաշառ» դատավորներն ու դատախազները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը (դեռեւս չունենք թոշակ ստացող նախկին ՄԻՊ), նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում` նրանց ընտանիքի անդամները: Նախկին նախագահների պարագայում գուցե ինչ-որ կերպ կարելի է արդարացնել նման մոտեցումը: Ի վերջո, լավ թե վատ, երկիր են ղեկավարել, ընդունված է աշխարհում եւ այլն, բայց մյուսնե՞րը կամ նրանց ընտանիքի անդամնե՞րը …
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նաեւ պարզաբանել է, թե այս «առաջին սորտի» մարդիկ ինչու են արժանանում նման վերաբերմունքի պետության կողմից: Ըստ պարզաբանման դա կապված է նրանց կողմից «այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումերի առկայության, հայեցողական լիազորություններ իրականացնելու ծավալների, կայացված որոշումների հնարավոր հետեւանքների հաշվառմամբ», ինչպես նաեւ «որպես սոցիալական երաշխիքներ, հանդիսանում են առանձին ինստիտուտների կայացմանը (առանձին պաշտոնատար անձանց անկախությունը ապահովելուն) նպաստող գործոններ»: Ավելի պարզ ասած, այդ մարդիկ օրենքով իրավունք չունեն կատարելու այլ վճարովի աշխատանք: Երեւի սա մեր դատարանների եւ դատախազների աշխատանքի մասին լավատեղյակ ընթերցողների քմծիծաղը կառաջացնի:

Ավելին, պարզվում է, որ նրանք նման թոշակ ստանում են նաեւ իրենց աշխատանքի ծավալների համար, եւ որպեսզի նրանք ավելի անկախ լինեն եւ կայացնեն արդար որոշումներ: Մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող նման մի «անկախ» դատավոր էլ մեր թերթի դեմ վճիռ կայացրեց, առանց իրեն նեղություն տալու ճշտելու թերթի իրավաբանական հասցեն, հետեւաբար եւ առանց մեզ տեղեկացնելու եւ մեր մասնակցության: Ցայտուն օրինակ, թե որքանով է բարձր աշխատավարձ ստանալը նպաստում նրանց անկախությանը եւ «որոշումների հնարավոր հետեւանքներին»: Հենց այդ նույն դատավորն էլ ապագայում կստանա մի քանի հարյուր հազար դրամ կենսաթոշակ, ինչպես եւ նրա նման աշխատող մյուս բոլոր դատավորները: Ուղղակի չգիտես ուրիշ ինչ ձեւով հարցնել` ախր ինչի՞ համար…

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Այդ հարցն ինձ վաղուց եմ տվել ու պատասխանը չեմ գտել:Հետո եմ գլխի ընկել՝ կոռումպացված երկրի կոռումպացված չինովնիկների ձեռքի գործն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031