«Անգլերենում հայտնի ասացվածք կա՝ “United we stand”, մենք դա շեղել ենք՝ “United we fall”, այսինքն՝ բոլորս միասին ընկնում ենք. Ծովերում ձկներն են վերջանում, կենդանիներին ոչնչացնում ենք իրենց կոնկրետ մասերի համար և ընդհանրապես՝ աշխարհը կործանման է գնում. Լրիվ մարդկային արժեքները զոհվել են», – հոկտեմբերի 21-ին Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում տեղի ունեցած The Beautified Project խմբի նոր “United we fall” ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսի ընթացքում «Առավոտի» հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը:
Թվով երրորդ ալբոմում տեղ են գտել 9 երգեր, որոնցից միայն մեկն է հայերեն: Անդրե Սիմոնյանը նշեց, որ The Beautified Project-ը այս ձայնասկավառակին տրամադրել է ավելի երկար ժամանակ, քան մնացածին՝ 14 ամիս: Ձայնասկավառակի շնորհանդեսին հաջորդելու է խմբի շրջագայությունը:
Անդրե Սիմոնյանը խոստովանեց, որ ձայնասկավառակը բավականին բարդ էր և ինքը, նույնիսկ, ձայնագրման ընթացքում դեպրեսիա է ապրել. «Որոշ պահեր կար ձայնագրման ժամանակ, որ չսիրելով էի անում. Առաջ չէր գնում ձայնասկավառակի ձայնագրությունը: Բայց արդյունքում հասանք նրան, ինչ ուզում էինք:»
Անդրե Սիմոնյանը նաև խոսեց ձայնասկավառակում տեղ գտած երգերի մասին. «Ինքն աշխարհի ժողովուրդների հոգեվիճակն է, հարուստների և աղքատների միջև մեծացող ճեղքն է, ընդհանրապես մարդկանց մենակ, իրարից առանձնացած լինելն է: Մի քիչ ավելի մութ ձայնասկավառակ է և մի քիչ ավելի ագրեսիա է պարունակում իր մեջ՝ համեմատած մեր առաջին և երկրորդ ձայնասկավառակներին»:
Կարդացեք նաև
Ձայնասկավառակի շապիկին պատկերված է կին, որը, Անդրեի խոսքերով 21-րդ դարի Եվան է. Նա նորից վտարվում է աշխարհից, որովհետև այս անգամ էլ չափից դուրս ագահ է գտնվել և ընկել է միայն փողի հետևից: Իսկ վերջում երգիչն հավելեց՝ «Ինձ թվում է՝ լավ է ստացվել»:
The Beautified Project խմբի երկրպագուները մինչ համերգը կարող էին գնել “United we fall” ձայնասկավառակը, ինչպես նաև խմբի լոգոտիպով շապիկներ և կրծքանշաններ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ