Այսօր Aravot.am-ին դժգոհություններ էին հասել այն մասին, որ շաբաթ օրը «Օջախ» ռեստորանում կայացած հարսանիքներից մեկի ժամանակ նվագող երաժիշտները բոյկոտել են Գյումրու օրհներգի կատարումը:
Հիշեցնենք, որ Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ ու Հովհաննես Շիրազի բառերով գրված «Դու իմ Գյումրի» երգը վերջերս ավագանու որոշմամբ ընդունվեց որպես Գյումրու օրհներգ: Aravot.am-ին հասած տեղեկություններով, հարսանիքին հրավիրված գյումրեցի հայտնի երգիչ Մուրադ Մալխասյանը, երբ հյուրերի խնդրանքով սկսել է կատարել այն, երաժիշտները անջատել են սարքավորումները`փորձելով խոչընդոտել ու այսպիսով արտահայտել են իրենց անհամաձայնությունը: Երգիչը, իրեն չկորցնելով, երգել է առանց երաժշտության:
Մենք այս տեղեկությունները ճշտելու նպատակով զանգահարեցինք Մուրադ Մալխասյանին, ով հաստատեց , որ ինքը շաբաթ օրը «Օջախ» ռեստորանում մասնակցել է հարսանիքի, նա նաև հաստատեց մեր այն տեղեկությունը, որ եղել է նախկին պաշտոնյայի որդու հարսանիք, նախկին պաշտոնյայի անունը Սամվել է, սակայն երգիչը նրա ազգանունը չէր հիշում: Սակայն երգիչն ասաց, որ որևէ մեկը իրեն չի խոչընդոտել կատարելու Գյումրու օրհներգը: Նա տեղեկացրեց, որ այդ հարսանիքի երկու սեղաններին նստած էին գյումրեցիներ, և օրհներգը կատարել է հենց նրանց խնդրանքով: Ըստ երգչի, մյուս հյուրերն էլ, լսելով Գյումրու օրհներգը, շատ են ոգևորվել: Ի դեպ, այդ հարսանիքին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի փեսաներից մեկը, ով, ըստ Մուրադ Մալխասյանի, ևս հաճույքով ունկնդրել է իր կատարումը:
«Եթե անգամ այնպիսի մի հարսանիք լինի, որին մի գյումրեցի մասնակցի, ես միևնույնն է նրանց պատվին երգելու եմ Գյումրու օրհներգը ` անկախ այն բանից, մյուսներին դա դուր կգա, թե ոչ», -ասաց երգիչը` ակամա հաստատելով մեր տեղեկությունները, որ որոշ մարդկանց այն իրոք դուր չի եկել: Նշենք, որ մեզ դժգոհող հարսանքավորները վրդովված էին այն փաստից, որ մայրաքաղաքի ու մարզերի միջև խտրականությունն արտահայտվում է անգամ հարսանիքներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ի՞նչ իմաստ ուներ գրվածքի սկիզբը, եթե պիտի այն այսպիսի ավարտ ունենար….էնքան, որ գրե՞ք, թե՞ ոնց….
գրել են գրելու համար, հեչ, ուղղակի մարդկանց մոտ լավ է ստացվում պառակտելու գործը