Ինչպես տեղեկացրել ենք, 5 օր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիվ 20 երթուղին շահած «Գյումրու ամուր հիմք» կազմակերպությանը զրկել էր ուղևորներին սպասարկելու իրավունքից: Ու թեեւ կան տեղեկություններ, որ այդ գիծը պատկանում է Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին, սակայն պարզվում է այն փաստացի գրանցված է Տարոն Գասպարյանի անուն-ազգանունով, այսինքն` այն նույն մարդու, որին 99 տարով վարձակալության էին տրված Գյումրու ավտոկայանատեղիները:
Նշենք, որ չնայած Սամվել Բալասանյանը այդ կազմակերպությանը զրկել է աշխատելու իրավունքից, այդուհանդերձ, թիվ 20 երթուղու միկրոավտոբուսները այսօր շարունակում էին ուղևորներ փոխադրել: Aravot.am–ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանից: Նա տեղեկացրեց, որ այս ընկերությունը թիվ 20 երթուղին սպասարկելու փաթեթ է ներկայացրել 2012 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարված մրցույթում, որտեղ հաղթող ճանաչվելով` 3 տարի ժամկետով ստանձնել է ուղևորափոխադրումները: Փաստորեն մրցույթը կայացել է Սամվել Բալասանյանի` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր առաջ:
«Վերջերս թիվ 20 միկրոավտոբուսային երթուղու փաթեթը ավելի խորը ուսումնասիրելիս հայտնաբերվել են որոշ խախտումներ, կարելի է ասել կոպիտ խախտումներ, որոնք հակասում են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի հաստատված կարգին: Մասնավորապես խախտվել է 15-րդ կետի 2-րդ ենթակետը և 54-րդ կետերը: 15-րդ կետի 2-րդ ենթակետով ֆիքսված են մրցութային փաստաթղթերը: Այսինքն` մեքենաների շարժակազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինի ՍՊԸ-ի, կազմակերպության սեփականությունը:Մյուս 50 տոկոսը կարելի է նաև վարձակալությամբ վերցնել: Տվյալ դեպքում բոլոր 23 մեքենաներն էլ եղել են վարձակալական հիմունքներով ներկայացված:Երկրորդ պահանջի համաձայն, 50-70 տոկոս սեփականության դեպքում է կազմակերպությանը տրվում 3 տարով երթուղին շահագործելու իրավունքը: Այսինքն` նորից գալիս են ք այն մտքին, որ եթե չկա սեփականություն, առաջին չպետք է մասնակցեր այդ մրցույթին, երկրորդը 3 տարի ժամկետով չպիտի տրվեր երթուղին տվյալ կազմակերպությանը»,-պարզաբանեց Արամ Եղոյանը:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ նոր միայն քաղաքապետարանը ֆիքսեց այս փաստը, երբ մեկ տարի շարունակ տվյալ կազմակերպությունը սպասարկել է գիծը, քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ ինքը ուսումնասիրություններ կատարել է իր պաշտոնավարման առաջին օրերից, ուղղակի տվյալ կազմակերպության մրցութային հանձնաժողովին ներկայացրած փաթեթի մեջ գրված է եղել, որ մեքենաները իր սեփականությունն են: «Իրականում, երբ որ ավելի խորը ուսումնասիրեցինք, դա սեփականություն չէ, այլ վարձակալություններ էր, մեքենաների տեխանձնագրերի մեջ երևում էր, որ բոլորը ֆիզիկական անձանց մեքենա է: Կա ևս մի փաստաթուղթ, համաձայն որի քաղաքապետարանի կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում պետք է ներկայացվի դեղին համարանիշ հանելու համար, այդտեղ արդեն սեփականության փոխարեն գրված է վարձակալություն», -ասաց Արամ Եղոյանը: Ըստ նրա, մրցույթով անցել են 23 միկրոավտոբուս` 19 հիմնական և 4 պահուստային մեքենաներ:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե աշխատանք կորցնող վարորդներին Գյումրու քաղաքապետարանը պատրա՞ստ է աշխատանքի ընդունել, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց. «Այսպես ասեմ 19-ի փոխարեն այդ երթուղին շահագործում է մինիմում 30 մեքենա, այսինքն` մնացած 15 մեքենաները իրավունք չունեին շահագործելու, քանի որ մրցույթ չեն անցել, չեն զննվել, երթուղային ցանկով էլ նախատեսված է 19 մեքենա, ոչ թե 30: Իսկ ինչ վերաբերում է այն վարորդներին, որոնք անգործ են մնալու, երթուղու սպասարկումը կասեցնելուց հետո կհայտարարենք նոր մրցույթներ, որը հայտարարումից հետո 45 օր հետո կկայանա, վարորդները կարող են օրինական կարգը, մրցութային պայմանները չխախտելով գալ-մասնակցելն, իրենք իրենց գործը չկորցնեն: Բայց մինչև մրցույթը նույն երթուղին սպասարկում է մեկ ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղի, ուղևորափոխադրումը դրանից չի տուժի»:
Իսկ թե ինչո՞ւ էին այսօր աշխատում թիվ 20 երթուղու միկրոավտոբուսները, Սամվել Բալասանյանը փոխզիջմա՞ն է գնացել, Արամ Եղոյանն ասաց, որ քաղաքապետի հոկտեմբերի 17-ի որոշումը տվյալ երթուղու սպասարկումը կասեցնելու մասին անփոփոխ է, և դա արդեն տրանսպորտային տեսչության գործառույթն է, վերջինս պիտի արգելեր նրանց գիծ դուրս գալ: Ի դեպ, Արամ Եղոյանը նաև տեղեկացրեց, որ թիվ 20 և 22 երթուղիները սպասարկող «Գյումրու ամուր հիմք» և «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ները ոչ մի մասհանում, վճարում չեն կատարել համայնքի բյուջե: Մինչդեռ 2005 թվականի դեկտեմբերի 23 ավագանու թիվ 14 որոշմամբ հստակ նշված, թե որ երթուղին շահագործող մեքենան ինչքան պետք է վճարի: Թիվ 20 և թիվ 22 երթուղիները սպասարկող ամեն մի միկրոավտոբուսի վարորդ պարտավոր էր օրական 1500 դրամ վարձավճար մուծել համայնքային բյուջե, իսկ թիվ 24 երթուղունը` 1200 դրամ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ինչի հիման վրա պետք է գումարներ մուծեր 22 համարը, որ պայմանագրի, մի հատ նայեք բալասանյանի որ գիծն է գումար մուծում ու դեղին համարանիշերով երթևում, կամ 50 տոկոսականոց ավտոպարկ ունեն նրա գազելները? չկա նման բան, և հետո ինչու եք դուք, լրագրող, անընդհատ միակողմանի լուսաբանում? տպավորություն է ստեղծվում, որ դուք բալասանյանի բիզնեսի համար հոգ եք տանում իրանից էլ շատ