Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ նույն կենտրոնի` www.media-center.am կայքի շնորհանդեսը:
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հիմնադիր Սեդա Մուրադյանը, համառոտ ներկայացնելով «Մեդիա կենտրոնի» գործունեությունը, ասաց. «Մեդիա կենտրոնն» իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարից: Փետրվարից սկսած՝ 158 քննարկում և ասուլիս ենք կազմակերպել, ստեղծել ենք 17 ինֆոգրաֆիկա, մեր միջոցառումներին մասնակցել են 1174 մասնագետներ, փորձագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փետրվարից սկսած` «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ ունեցել ենք 996 առցանց և տպագիր լուսաբանում, 259 հեռուստատեսային ռեպորտաժ, կազմակերպել ենք 7 հեռուստատեսային դեբատ, որոնք հեռարձակվել են ինչպես համացանցի տիրույթում, այնպես էլ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ»:
«Մեդիա կենտրոնի» համակարգող Աղավնի Եղիազարյանն էլ, ներկայացնելով իրենց նորաստեղծ կայքը, ասաց. «Մեդիա կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Վերջապես կա մի հարթակ, որը չունի որևէ քաղաքական պատկանելություն, ընդգծված քաղաքական նախասիրություն: Սա է «Մեդիա կենտրոնի» առավելությունը` որպես քննարկումների հարթակ: «Մեդիա կենտրոնը» փորձել է ստեղծել մատչելի և հարմար կայք: Կայքում կան ասուլիսների, քննարկումների, բանավեճերի մասին տեղեկատվություններ, լուսանկարներ ու տեսագրություններ»: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է անդամագրվել «Մեդիա ակումբին» և իրենց արտադրանքը ստանալ ավելի վաղ, քան սովորական բաժանորդագրման դեպքում: Կայքն ունի նաև օրացույց, որը հատուկ ցույց է տալիս առաջիկայում տեղի ունենալիք միջոցառումները: Կարելի է տեսնել, թե որ օրը ով ինչ միջոցառում է անցկացնելու և գրանցել միջոցառման հայտը»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ