Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանի հեռանալն ինչպե՞ս կանդրադառնա մեր հավաքականի հետագա գործունեության վրա

Հոկտեմբեր 21,2013 18:27

Հոկտեմբերի 31-ին լրանում է Վարդան Մինասյանի` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու պայմանագրի ժամկետը: Այսօր Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքէջին հայտնել է, որ հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ տեղեկացրել, որ «նոր ընտրական փուլում չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը»:

Aravot.am-ը Հայաստանի ֆուտբոլային մեկնաբան գործընկերներին խնդրեց կարծիք հայտնել, թե Վարդան Մինասյանի հեռանալն ինչպե՞ս կանդրադառնա մեր ընտրանու հետագա գործունեության վրա:

Արմեն Նիկողոսյան, «Հայկական ժամանակ» օրաթերթ:

«Դժվար է հիմա որեւէ բան ասել: Դա կախված է նրանից, թե ո՞վ կլինի հավաքականի նոր մարզիչը»,- ասաց մեր գործընկերը: Հարցին, թե ասուլիսներից մեկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն միտքն էր արտահայտել, թե քանի ինքը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, աշխատելու է Վարդան Մինասյանի հետ: Գլխավոր մարզչի այս որոշումից կարելի՞ է ենթադրել, թե ֆեդերացիայի հետ, այնուամենայնիվ, նա ինչ-որ հակասություն ունի, Արմեն Նիկողոսյանը պատասխանեց. «Ես ոչ մի սկանդալային բան դրանում չեմ տեսնում: Եթե այդպես մտածելու լինենք, ուրեմն ցանկացած տեղ պետք է հակասություններ որոնենք: Մարդը չի ուզում աշխատել: Չորս տարի աշխատել է, թիմ է ստեղծել: Գուցե, հոգնել է, կամ թիմն է իրենից հոգնել: Պատճառներ շատ կարող են լինել: Պարզապես գալիս է մի պահ, երբ պետք է բաժանվեն: Համաշխարհային ֆուտբոլում սա նոր բան չի: Մարզիչներն աշխատում են, ֆուտբոլիստները` խաղում, հետո դուրս են գալիս»:

Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը նույնպես զերծ մնաց վաղաժամ կարծիք հայտնելուց` նշելով, որ․ «Պետք է սպասել եւ տեսնել, թե ՀՖՖ-ն ինչ քաղաքականություն եւ նոր մարզչի ինչ ընտրություն կկատարի: Միայն դրանից հետո կարելի է դատողություններ անել»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վարդան Մինասյանի աշխատանքը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, Արմեն Մելիքբեկյանը պատասխանեց. «Ես գնահատում եմ փաստերը: Վարդան Մինասյանը մեր հավաքականի ամենահաջողված մարզիչն է: Արդյունքներն ինքնին խոսուն են: Նա ցույց է տվել մեր ֆուտբոլային պատմության ընթացքում ամենալավ արդյունքը»:

Հ. Գ. Վարդան Մինասյանն, ըստ էության, հրաժարական չի տվել, պարզապես, պայմանագրի ժամկետը լրանալու հետ կապված, ինչպես ինքն է տեղեկացրել ՀՖՖ կայքէջին, թեեւ ՀՖՖ նախագահը առաջարկել է կրկին ստանձնել հավաքականի ղեկը, ինքը գերադասում է կարիերայի այլ շարունակություն: «Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես, արտերկրից եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները», – ասել է Վարդան Մինասյանը ՀՖՖ կայքէջին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031