Հոկտեմբերի 19-ին կայացավ Հաղարծնի վանական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ, շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Շարժայի կառավարիչը վանական համալիրի նորոգման համար նվիրաբերել է 5 միլիոն ԱՄՆ դոլար: Նա Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Պատվո շքանշանով, իսկ շեյխի ներկայացուցիչ Համիդ Դիյա Զաֆարը Հովիկ Աբրահամյանից ստացել է «Անանիա Շիրակացի» մեդալ:
Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական գործիչ Արարատ Ալիխանյանը Ֆեյսբուքի իր էջում այդ նորոգման մասին գրել է. «Ամենեւին մտադրություն չունեմ ինչ-որ բանում մեղադրել հովանավորներին, բայց ով տեսել է Հաղարծնի «մոդեռն եվրոռեմոնտը»՝ իր շատ անտրամաբանական, նոր սալիկապատված պատերով եւ «նորացված» կառուցվածքներով, համաձայն կլինի, որ այս վանական համալիրը արժանի չէր նման անճաշակ վերանորոգման: Ռեստավրացիա չի նշանակում լրիվ իրական տեսքը փոխել: Երեւի այս երկրում ռեստավրացիան նույն «եվրոռեմոնտն է»: Ամոթ է, ու համոզված եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն երբեք այն չի ներառի համաշխարհային մշակութային պահպանության ցուցակում»:
Կարդացեք նաև
Այս հարցի վերաբերյալ զանգահարեցինք Հաղարծնի վանական համալիրի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին: Նա հարցը լսելով՝ ասաց. «Լավ ենք արել, այդ հարցով չենք զբաղվում»:
Թեմի առաջնորդին հարցրեցինք, թե հին վանական համալիրի ճարտարապետական դիմագծի հարցը իրենց չի՞ հետաքրքրում: Նա պատասխանեց . «Հայերեն լա՞վ չեք հասկանում, այդ հարցն ինձ չի հետաքրքրում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայերեն չ՞եք հասկանում, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին ՓՈՂՆ է հետաքրքրում և իր հարմարավետ սենյակը, որտեղից կառավարում է Տավուշի իր բիզնեսները: