Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Կրակը կա, յուղ լցնող է պետք»

Հոկտեմբեր 21,2013 17:32

Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Վարձք» հանդեսի 10-րդ համարը, նա տեղեկացրեց, որ այն հրատարակվում է 2000 թվականից ի վեր, իսկ վերջին` 10-րդ համարը, նվիրված է այն հուշարձաններին, որոնց համար 2013 թվականը հոբելյանական է. «Իհարկե, բոլոր հուշարձանների մասին մանրամասն ուսումնասիրություններ ներկայացնել հնարավոր չէր: Պարզապես, թռուցիկ ձևով ներկայացված է, թե որ հուշարձանների հոբելյանն է այս տարի, իսկ ամբողջ համարը, ըստ էության, նվիրված է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածնի վանքի 800-ամյակին:

«Տեղերի վանքը, իհարկե, ունեցել է ուսումնասիրող այցելուներ` ի դեմս Գարեգին Հովսեփյանի, Թորոս Թորամանյանի, որոնց ուսումնասիրությունները վերաբերում են 20-ականների սկզբին: Բայցևայնպես, կային այնպիսի արձանագրություններ, որոնք մինչ օրս չէին ընթերցվել. կամ համարվել են քայքայված ու դժվարընթեռնելի, կամ էլ արդեն անվերծանելի»,- ասաց Սամվել Կարապետյանը և նկատեց, որ դա իրեն մի փոքր տարօրինակ է թվում. «Որովհետև այն արձանագրությունները, որոնք 20-ական թթ. համարվել են անվերծանելի, հիմա 50-60%-ով ընթերցվում են: Սա խոսում է այն մասին, որ 80-90 տարի առաջ դրանք շատ ավելի լավ վիճակում են եղել, քան այսօր են: Ինչևէ, մենք փորձել ենք վանքի համապարփակ ուսումնասիրություն ներկայացնել»,- ասաց հուշարձանագետը:

Սամվել Կարապետյանն ասաց նաև, որ այս տարի երկու անգամ այցելել են Արևմտյան Հայաստանի այն վայրերը, որտեղ երբեք չէին եղել: Նա որոշ տեղեկություններ հայտնեց` Արևմտյան Հայաստանի հուշարձանների հետ կապված. «Մարաթուկ լեռան գագաթին տեսանք Սուրբ Աստվածածնի եկեղեցին, որը կիսավեր է և ունի երկխորան հորինվածք: Կարևոր էր, որ տեսանք Բարդուղիմեոս առաքյալի վանքը: Նախկինում ձեռնարկած մեր բոլոր փորձերն ավարտվել են անհաջողությամբ, որովհետև զինվորական հենակետեր կային այնտեղ, իսկ այս անգամ մենք լուր ստացանք, որ փոխադրվել է հենակետը, և վանքն ազատ է: Շատ տպավորիչ էր Մեծ Մասիսի փեշին գտնվող Ակոռի գյուղի գերեզմանոցը, որտեղ մոտ 80 կանգուն խաչքարեր կան` իրենց արձանագրություններով: Սա եզակի հնավայր է ողջ Արևմտյան Հայաստանում, քանի որ մեր մյուս գերեզմանոցները ոչնչացվել են պետական հատուկ ծրագրով»,- ասաց բանախոսը:

Նա ենթադրում է, որ այս գերեզմանոցը չի ոչնչացվել և հրաշքով մեզ է հասել շնորհիվ այն հանգամանքի, որ գտնվում է ամերիկյան զինվորական հենակետի մոտակայքում, և թուրքերը, պարզապես, չեն կարողացել ամերիկացիների աչքի առաջ ոչնչացնել ևս մի պատմական հնավայր:

Ս. Կարապետյանը հայտնեց նաև, որ բոլոր կարևոր հնավայրերում եռալեզու (թուրքերեն, անգլերեն, վրացերեն) ցուցանակներ կան, և Տանձուտ գյուղի եկեղեցու վրա գրված է, որ այն տարածաշրջանի միակ հայկական եկեղեցին է: «Հավանաբար, թուրքերը մտածել են, որ այն շատ հին չէ, 19-րդ դարի կառույց է, և դրա համար էլ որոշել են «ընծայել» հայերին, բայց դա ակնհայտ կեղծիք է, որովհետև այդ շրջանում շատ կան հայկական եկեղեցիներ ու կամուրջներ»,- ասաց Ս. Կարապետյանը և եզրափակեց. «Մենք Արևմտյան Հայաստանում շատ գանձեր ունենք, որոնց սնուցել է պետք: Կրակը կա, յուղ լցնող է պետք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031