Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Բդեշխությամբ հնարավոր չէ երկիր զարգացնել»

Հոկտեմբեր 21,2013 17:29

Այսօր Ազգային ժողովում քննարկվող ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առիթ դարձավ, որ բոլոր ցանկացողները իրենց սրտի խոսքն արտահայտեն համայնքների, մասնավորապես, գյուղական համայնքներում մարդկանց ապրելակերպի մասին:

ԱԺ ներկայացված եւ համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, ըստ էության, տեխնիկական խնդիր է լուծում: Նախագծի հիմնական առաքելությունը 2014 եւ 2015 թթ. ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումների կարգավորումն է:

Բայց այս տեխնիկական խնդիրը ԱԺ պատգամավորներին հնարավորություն տվեց բարձրաձայնել իրենց տեսլականները՝ ընդհանրապես մեր համայնքների հետ կապված: Քննարկումները սահուն վերաճեցին համայնքների խոշորացման ծրագրի քննարկման:

Մասնավորապես, ինչպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, այնպես էլ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեցին, որ ներկայիս համայնքային բաժանումը ակնհայտորեն կարիք ունի վերանայման: Նրանք երկուսն էլ հիշեցին խորհրդային ժամանակների տարածքային բաժանումը՝ շրջանների, որը, ըստ պատգամավորների, մեծ առավելություն ուներ ներկայիս բաժանման համեմատ:

Արծվիկ Մինասյանը բերեց իր գյուղի՝ Շենիկի օրինակը, որը ԽՍՀՄ ժամանակ գտնվում էր Թալինի շրջանում, եւ դա ընկալելի էր, քանի որ այդ շրջանի բոլոր գյուղերը ընդհանուր բան ունեին, թալինցիները ընդհանուր առմամբ կապված էին իրար հետ, իսկ հիմա, երբ Շենիկը մտցվեց Արմավիրի մարզի մեջ, գյուղի զարգացումը խաթարվեց, քանի որ որեւէ տրամաբանության չի ենթարկվում այդ փոփոխությունը:

Արծվիկ Մինասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ անկախությունից ի վեր, ոչ մի իշխանություն Հայաստանում չի հաջողել համայնքների բարօրության ապահովումը: Նա ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը, որ համայնքների խոշորացումը միանշանակորեն անհրաժեշտ է:

Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ հրատապ փոփոխության է ենթակա նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման սկզբունքը. «Հնարավոր չէ ունենալ առողջ, զարգացող, զարգացմանը միտված համայնք, եթե այդտեղ չորս տարին մեկ ընտրություն է կատարվում, չորս տարին մեկ գյուղը բաժանվում է երկու, երեք մասի, թշնամանք է սկսվում, էներգիայի ծախս է լինում, ուժերի ջլատում… Եվ մինչեւ մի կերպ կրքերը հանդարտվում են՝ գալիս է հաջորդ ընտրության ժամանակը»:

Նա նկատեց, որ չնայած իր բոլոր թերություններին, Երեւանի կառավարման համակարգն առավել արդյունավետ է, եւ կարող է օրինակ ծառայել՝ լինեն շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, եւ մի քանի միավորներ (գյուղեր), որոնց ղեկավարը կլինի զուտ վարչական ղեկավար՝ նշանակովի. «Բդեշխությամբ հնարավոր չի երկիրը զարգացնել ժամանակակից աշխարհում: Հնարավոր չի ունենալ զարգացած Հայաստան, եթե ինը հարյուրից ավելի համայնքներում ունենք բդեշխական ինստիտուտ, այդ փոքր իշխանների ինստիտուտը խանգարում է, խաթարում է երկրի զարգացմանը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արծվիկ Մինասյանի կողմից, իրենց 11 կետերում առաջ քաշած՝ ինքնաժխտման տեսությունը մեծ
    հայտնություն է համայն մարդկության մտածելակերպում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է նշանակում՝բդեշխությունը, որպեսի գտնենք՝ հակաբդեշխությունը, և նրանով երկիր զարգացնենք:
    11 կետերից, ո՞ր մեկում է ներկայացված տվյալ տեսությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031