Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին չհրավիրված մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում հյուրանոցի դիմաց:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այս առիթով նշել էր. «Դժվար թե, եթե հրավիրված լինեի, մտնեի ներս, որովհետեւ ինձ համար ցինիզմ է, երբ որ երկրում կան DIY ակումբի դեպքերը, հարձակումներ` LGBT-ի առաջնորդների վրա: Եվ հիմա այսպիսի համաժողով անցկացնելն ու կազմակերպելն ուղղակի ցինիզմ է»:
Ակցիայի մասնակիցները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ ներխուժեցին նաև խորհրդաժողովի նիստերի դահլիճ, որտեղ ներկա էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ հավասարության և անխտրականության հանձնաժողովի անդամ Յունաս Գունարսոնը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը և այլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնայներ:
Aravot.am-ը Յունաս Գունարսոնից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում ակտիվիստների նման քայլը: Նա պատասխանեց. «Ես դա գնահատում եմ` որպես մի իրադարձություն, որը տեղի ունեցավ: Նրանք իրենց կարծիքն արտահայտեցին, ինչի իրավունքն ունեին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` իրենց համար սովորական երևո՞ւյթ է նման կերպ բողոքի ձայն արտահայտելը, թե՞ այն անակնկալ էր, պարոն Գունարսոնը պատասխանեց. «Բողոքի ակցիաներ, իհարկե, եվրոպական բոլոր երկրներում էլ տեղի ունենում են, իհարկե, ոչ նիստերի դահլիճում և քննարկումների ժամանակ: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրենց լավ դրսևորեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ տվեցին, որ նախարարը ելույթ ունենա, ինչը հարգանքի մասին էր խոսում, մյուս կողմից էլ՝ ղեկավարությունը թույլ տվեց, որ ակտիվիստները դահլիճում գտնվեն ու իրենց կարծիքն արտահայտեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ