Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի` «Հայաստանում չկան արտոնյալ վարորդներ» հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո News.am-ը տեսանյութ տարածեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ եւ հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանի` քրեական շրջանակներում հայտնի «Բոգոն», վրացական համարանիշով «Բրաբուս»-ով կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները:
ՃՈ պետ Արսեն Արշակյանը Aravot.am-ին ասաց, որ տեսանյութն անձամբ ուսումնասիրել է եւ առաջիկա ժամերին խախտում արած վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի. «Առավելագույնը մեկ ժամից անկախ նրանից ում բարեկամն է եւ ինչ չափսերի մեքենա է վարում, տվյալ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի: Երեւանում չկա անպատժելի վարորդ, ով ուզում է լինի»:
Ինչ վերաբերում է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությանը` ի գիտություն ոստիկանությանը, թե դեպքի ժամանակ ճանապարհային ոստիկանները տեսել, բայց չտեսնելու են տվել Բոգոյի խախտումը, ՃՈ պետն ասաց. «Եթե ճանապարհային ոստիկան կա, ուրեմն խախտումը չարձանագրելու համար պատասխան կտա, բայց տեսանյութը նայում եմ, ճանապարհային ոստիկան չկա, չեմ տեսնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Արշակյան, լավ էլ գիտես, որ ստում ես, բազմաթիվ անգամներ անձամբ եմ տեսել ձեր համակարգի ոստիկանների թե վախը, թե համագործակցությունը գանգստերային իշխող համակարգի հետ: Ձեզ չեն սովորեցրել` մի ստեք, եթե վախից եք ստում, հասկանալի է, ուրեմն հրաժարվեք, գուցե ավելի կիրթ և անկաշառները գան, մաքրեն երկիրը էս մակաբույծներից, նույնը վերաբերում է Վովա Գասպարյանին: