Իրանցի տղամարդկանցից հայ կանանց երեխա ունենալը, հոգեբան Խաչատուր Գասպարյանի համար առանձնապես լուրջ խնդիր չէ. մենք երկար ժամանակ միատարր ազգ ենք եղել, եւ ըստ մասնագետի, սա գուցե նույնիսկ պետք է որպես բնականոն ընթացք դիտել, քանի որ, այն պարագայում, երբ Հայաստանում բացակայում են արական սեռի ներկայացուցիչները եւ երբ կա ժողովրդագրական անհավասարակշռություն, այդ տեղը պետք է զբաղեցվի:
Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջերս տարածված այն լուրերին, որ մայրաքաղաքի ծննդատներից մեկում մեկ ամսվա ընթացքում ծնված 2 երեխաներից 2-ի հայրությունը իրանցիներ են եղել, հոգեբանը կարծիք հայտնեց, որ նման երեւույթի մեջ աղետալի ոչինչ չկա, քանի որ այդ կանայք իրենց ազգի մեջ չեն կարողանում գտնել իրենց 2-րդ կեսին, ապա պետք է փնտրեն եւ գտնել այլ ազգի մեջ:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ մասնակից, հոգեբան Սիրենա Առաքելյանն էլ կարծիք հայտնեց, որ այն ազգի կամ էթնոսի տղամարդիկ են հոգեբանորեն ավելի գրավիչ լինում կանանց համար, որոնց սոցիալ-տնտեսական վիճակն ավելի լավ է, կայացած ու զարգացած. հոգեբանը նաեւ ափսոսանք հայտնեց, որ նման բան տեղի է ունենում մեզանում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին՝ կարելի՞ է այս երեւույթների միջեւ զուգահեռներ տանել` հայ տղամարդիկ էլ խոպան են գնում, այլազգիների հետ են ամուսնանում, մեր կանայք էլ` Հայաստան ժամանած իրանցիների հետ են ամուսնանում, հոգեբաններն ասացին, որ այս ամենի պատճառն էլ, հետեւանքն էլ խոպան գնալն է, սակայն յուրաքանչյուր դեպք խիստ տարբեր է լինում:
Մեր հարցին ի պատասխան, Խաչատուր Գասպարյանն էլ մի դիտարկում արեց. «Մեր հասարակության մեջ, մենք ավելի ֆեմինիստական մշակույթ ենք դառնում, իսկ եղել ենք` արական: Կանայք մնում են մենակ եւ հասարակության մեջ ֆեմինիստական էլեմենտներն ավելանում են: Այդ բալանսը, որը պետք է լիներ, այս իրավիճակում խախտվում է: Մի քանի սերունդ հետո նոր տիպի հայ ինքնություն կձեւավորվի, ցավով կհիշենք մեր նախկին արժեքները: Մի կողմից ընդգծվում է նյութականը, կորցնում ենք տղամարդու կերպարը, արական կերպարը դառնում է վիրտուալ կերպար. տղամարդը ընտանիքի հետ խոսում է սկայփով, ինտերնետով, հեռախոսով, կարծես ղեկավարում է ընտանիքը, բայց իրականում որոշում կայացնողը կինն է, այս պարագայում գտնել թեկուզ այլազգի մեկը, որը պատրաստ է թեկուզ արականություն մատուցել, ինձ թվում է…ես շատ լավ հասկանում եմ այդ կանանց»:
Իսկ թե որ տարբերակում է ավելի վտանգավոր` երբ հայ կինն է օտար ազգի ներկայացուցչի հետ ամուսնանում, թե`հակառակը, պատասխանները դիտեք տեսանյութում:
Սիրենա Առաքելյանի ներկայացմամբ էլ, երբ հայ տղամարդու, այսպես ասած` պակասություն կա, ապա հայ կինը կամ պետք է մեկի սիրուհին լինի, կամ արտաամուսնական կապից երեխա ունենա, կամ էլ` ամուսնանա այլ էթնոսի ներկայացուցչի հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ