«Գործընթացն ուղղակիորեն որևէ անձի հետ շաղկապված չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան մեր այն հարցադրման, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար:
Մանրամասնելով պարզաբանումները` պարոն Հարությունյանն ասաց. «Դրանք իրականության հետ աղերս բացարձակապես չունեն: Տասը տարվա մշտական բնակության պահանջը մեր սահմանադրական նորմն է, և հաշվի առնելով Եվրոպայի վերջին զարգացումները, երբ մենք քննարկում էինք 2011-ին մեր ընտրական օրենսգիրքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջարկել էին մեզ անդրադառնալ այդ հարցին` ինչին ի պատասխան նշել էինք, որ խնդիրը վերաբերում է սահմանադրական նորմին և հարցին անդրադարձ կկատարենք: Չնայած Եվրոպան այդ պահանջը «ծայրահեղ կոշտ» է համարում, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք անպայմանորեն ընդունելու ենք այդ առաջարկությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում եվրոպական երկրներում էլ կան նման կոշտ պահանջներ: Հարցադրումը բոլորի համար է բարձրացված»:
Խոսելով բարեփոխումների ժամկետների մասին` Դավիթ Հարությունյանը նշեց. «ՀՀ նախագահի համապատասխան կարգադրության համապատասխան` աշխատանքային խումբը իր հայեցողական մոտեցումները պետք է ներկայացնի 2014-ի ապրիլին, որից հետո քաղաքական քննարկումներն են սկսելու: Ու միայն, երբ դրանք ավարտվեն, և հայեցակարգը ընդունված լինի, մենք ձեռնամուխ կլինենք օրենսդրական փոփոխություններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ