Առաջին անգամ խորհրդարանում մասնակցելով նիստին՝ թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում իր առաջին աշխատանքային օրը բնութագրեց «շատ լավ»: Դիտարկմանն`իսկ ինչո՞վ էր լավ, նորընտիր պատգամավորն արձագանքեց. «Ամեն ինչով նորմալ էր, քննարկվեց հարցեր, առաջին նիստն էր, որ մասնակցել եմ»:
Քառօրյայի մեկնարկին տեղի ունեցած թեժ քննարկումները, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ, նորընտիր պատգամավորը որակեց «աշխատանքային քննարկումներ». «Նորմալ աշխատանքային մթնոլորտ էր ԱԺ-ում, ես առաջին նիստն էր, արդեն ասեցի, քվեարկությունը արել եմ, ժամանակին ծանոթացել էի հարցերին, միջազգային պայմանագրերին»: Հարցին, թե ո՞վ է իրեն սովորեցրել կոճակների տեղը, նա արձագանքեց. «Նայել եմ, անմիջապես կողմնորոշվել եմ, քարտուղարությունը ցույց է տվել, թե որտեղ եմ նստելու»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ քվեարկելու է իր սկզբունքների համաձայն: «Քվեարկելու եմ իմ սկզբունքներով, եթե պետք լինի կողմ կքվեարկեմ, դեմ ու ձեռնպահ»: Խորհրդարանում «հայտնվելու» համար Արմեն Կարապետյանը շնորհակալ է նախ եւ առաջ սյունեցիներին:
Դիտարկմանը, թե «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարում են, որ Սյունիքում լրացուցիչ ընտրությունների արդյունքները կեղծվել են, պատգամավորն ասաց. «Դա պարտվողի կողմն է: Պարտվողները միշտ այդպես են ասում:Եղել են ազատ եւ արդար ընտրություններ»:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողներից մեկի` Սյունիքում տիրող կրիմինալ իրավիճակին վերաբերվող հարցին, պատգամավորն ասաց, որ առաջին անգամ է լսում, որ Սյունիքում մթնոլորտը լարված է եւ կրիմինալ է առկա: Ըստ նրա, Սյունիքում բռնապետեր չեն եղել, եւ բռնապետություն չի տիրել երբեք:
Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետի անվան շուրջ տարածվող տեղեկություններին, եւ մասնավորապես, վերջին կրակոցներին, սյունեցի պատգամավորն ասաց, որ այդ հարցով իրավապահներն են զբաղվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ