Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը քնած մնացել, երբ տեսագրության մեջ կրակոցի ձայները, աղմուկը, գոռոցները լսվում են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 15:27

«Ի սկզբանե բոլորիս էլ պարզ էր, որ այն, ինչ տեղի է ունեցել եւ ցուցադրվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ ամբողջականը չի, որովհետեւ հնարավոր չի, որ այնտեղ կրակոցներ հնչեն եւ այդ տարածքում քնած մարդ լինի: Ուստի այն, որ Սուրեն Խաչատրյանն իբրեւ թե տեղյակ չի եղել, ի սկզբանե, կարծում եմ, հանրության համար ընդհանրապես ընդունելի չէր: Ինչ վերաբերում է արդեն ամբողջական տեսանյութին, ապա պարզ է, որ սա ընդամենը ապացուցում է այն ենթադրությունը, որն ուներ մեր հասարակությունը, որ ինչ-որ բան այնպես չէ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի միջադեպի վերջին՝ ամբողջական տեսագրությունն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա գտնում է, որ հնարավոր չէ, որ մեկ հոգին ուղղակի զինված հարձակում գործի նմանատիպ անառիկ տան վրա, որը պահպանվում է բազմաթիվ թիկնապահների կողմից. «Հնարավոր չի, որ բանակի գնդապետը պարզապես գա, վիրավորի, հաթաթա տա կամ ինչ-որ ծեծկռտուքի մասնակցի այդ կարգի, այդպիսի պաշտոնատար անձի հետ: Այն էլ այնպիսի սպա, որը զինվորների եւ սպաների մոտ խորը հարգանք ունի՝ որպես բարձր պրոֆեսիոնալ հատկություններ ունեցող: Հիմա էլ արդեն տեսանյութից պարզ է, որ այն ենթադրությունները, որ ուներ հասարակությունը, եւ որի մասին խոսում էին՝ ամբողջապես հաստատվում է: Ըստ էության, կադրերում հստակ երեւում է, որ Ավետիք Բուդաղյանը ցանկանում է գնալ, բայց դուռը բացում են, ինչ-որ քաշքշոց է սկսվում: Շատ պարզ երեւում է, որ Ավետիք Բուդաղյանը եղբոր ճանապարհը փակում է: Այդ ամեն ինչը շատ պարզ երեւում է արդեն»:

Թե ինչ կլինի արդեն այս տեսագրության հրապարակումից հետո, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Ճիշտն ասած ես չեմ հավատում, որ արդարությունը կհաղթի, որովհետեւ հակառակ պարագայում, մինչեւ այս, իշխանություններն այդ տեսանյութն ունեին եւ արդարությունը կհաղթեր, առավել եւս, որ Էմիլ Բուդաղյանը՝ եղբայրների հայրը սպասում էր արդարադատություն: Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ Սուրեն Խաչատրյանն այն անձնավորությունն է, որը այս իշխանությունների համար մեր իմացած շատ մեծ ծառայություններն է մատուցել եւ մեր չիմացած երեւի թե ավելի մեծ ծառայություններն է մատուցել: Ուստի իշխանությունը որեւէ ձեւով չփորձեց անգամ մեկ միլիմետր Սուրեն Խաչատրյանի անձնական ազատությունը սահմանափակել, իրական արդարադատության գործընթաց իրականացնել: Չեմ կարծում, որ այս իրավիճակում այդ արդարադատությունը լինելու է: Տեսեք, շատ պարզ մի խնդիր կա. ապօրինի զենքով կրակոց է եղել, բայց ապօրինի զենք օգտագործելու համար որեւէ մեկը չի դատապարտվել: Բայց եթե հանկարծ մեր ոստիկաններից մեկը մի փոքր երկար դանակ մի տղայի գրպանում գտնի, անմիջապես քրեական գործ են հարուցում: Որեւէ մեկը չհերքեց, քննությամբ հաստատվել է, որ ապօրինի զենք են օգտագործել: Ընդամենը ասում են, որ դա օգտագործվել է պաշտպանության համար, բայց անկախ ամեն ինչից, եթե դու պաշտպանության ես դիմում, ապա օրենքով եթե չես գերազանցում պաշտպանության սահմանները, ուղղակի ազատվում ես պատասխանատվությունից: Բայց եթե դու ապօրինի զենք ես օգտագործել, դրա համար ինչ-որ պատասխանատվություն հասնում է, չէ՞: Մենք տեսնում ենք, որ երկրում նմանատիպ ծայրահեղություններ երբեմն կամ հաճախ լինում են, ուստի սպասել արդարադատության, ինձ համար մի փոքր իրատեսական չի»:

Մեր դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը պնդում էր, որ կրակել են «Տոզ» զենքից, դրա համար էլ Սուրիկ Խաչատրյանը կրակոցի ձայնը չի լսել, չի արթնացել՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ «Ձայնագրության մեջ կրակոցների ձայները լսվում են: Այդ աղմուկը գոռոցները, կրակոցները շատ լավ լսվում են: Վերջապես, եթե բակում երկու տղա իրար հետ կռիվ են անում, մենք ձայնը լսում ենք, գիշերվա կեսին էլ արթնանում ենք: Պատկերացրեք, այդ կրակոցներից ո՞նց կարող է ձայն չլսվի: Ասենք, մեկը «տոզ» էր, բա մնացա՞ծ զենքերի կրակոցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031